Կալանավորը փորձել է սպանել քրեակատարողական հիմնարկի աշխատակցին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից նույն հիմնարկի աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 6-ին` ժամը 13:00-ից 13:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքի խցերից մեկում պահվող կալանավորը, հեռախոսակապից օգտվելու պատրվակով, անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետին խնդրել է դուրս բերել իրեն խցից, ինչին աշխատակիցն ընդառաջել է:

Մինչև հեռախոսին հասնելը, հիշյալ աշխատակցին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես խցից իր հետ վերցրած մետաղյա ծակող առարկայով, այնուհետև բռունցքներով, կալանավորը հարվածել է վերջինիս գլխին՝  պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո սեղմել պարանոցի հատվածը՝ փորձելով խեղդամահ անել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:

Դեպքի առթիվ նշված քրեակատարողական հիմնարկի գլխավոր հետաքննիչի կողմից հարուցել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել