Այսօր Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Նարեկ Մանթաշյանը ունի շաքարային դիաբետ, որը այսօր հասել է մահացու 27 նիշի: Խնդրի վերաբերյալ պարոն Մանթաշյանը փորձել է տեղյակ պահել իր պաշտպաններին, բայց ԱԱԾ խայտառակ ապօրինության արդյունքով դա եղել է անհնարին, քանի որ ԱԱԾ-ն արգելել է Ն.Մանթաշյանին հեռախոսազրույցներ ունենալ և փաստացի այդ արգելքը տարածել է նաև պաշտպանների հետ կապի վրա:
Այսօր պաշտպան Տաթևիկ Հակոբյանը որոշել էր հերթական անգամ այցելել Նարեկ Մանթաշյանին, սակայն ՔԿՀ-ում նրան տեղեկացրել էին, որ պարոն Մանթաշյանը հոսպիտալացվել է: Մենք փորձել ենք պարոն Մանթաշյանին գտնել տարբեր ԲԿ-ներում, սակայն՝ ապարդյուն: Եվ միայն րոպեներ առաջ ենք կարողացել գտնել պարոն Մանթաշյանին, երբ նրան բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են ՔԿՀ: Հայտնում ենք նաև, որ բուժօգնությունից հետո Ն.Մանթաշյանի «շաքարը իջել է» 20, ինչը ևս ծայրահեղ բարձր է: Ն.Մանթաշյանի ինքնազգացողությունը ևս շարունակում էր մնալ ծանր:
Նշված խնդրի հետ կապված հրավիրում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia-ի և ԶԼՄ-ների ուշադրությունը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը 2020թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստորագրվեց Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, մի խումբ այլ քաղաքացիների հետ հավաքվել էին Կառավարության, Ազգային ժողովի շենքի մոտ և մուտք գործել ներս:
Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, ինչպես նաև Կառավարության շենքից հափշտակություն (ՀՀ դրոշ) կատարելու համար:
Նշենք, որ Մանթաշյանը դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը հրապարակելու գործով որպես մեղադրյալ է ներգրավված։