Ադրբեջանը բազմիցս չարաշահել է իրավական ընթացակարգերը, խախտել միջազգային իրավունքի պահանջները և դատական կարգով հետապնդել հայ ռազմագերիներին. Արուսյակ Ջուլհակյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն առցանց ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Պատգամավորը մասնավորապես նշել է.

«Հարգարժան նախագահող,

հարգելի պատգամավորներ,

մենք սովոր ենք լսել գեղեցիկ ելույթներ մարդու իրավունքների, արժանապատվության, որպես բարձրագույն արժեք՝ մարդկային կյանքի մասին: Բայց 21-րդ դարի 22-րդ տարում մենք դեռ ստիպված ենք քննարկել մարդկանց բռնի անհետացման հարցը:

Ադրբեջանցի գործընկերոջս ելույթի վերաբերյալ պետք է նշեմ, որ նա շատ հարմարավետորեն մոռանում է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ու Մարաղայի ջարդերը: Ինչեւէ:

Արցախյան երկրորդ պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի: Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակորեն նախատեսում է բոլոր ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց վերադարձ՝ մի քանի տասնյակ հայ զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք դեռ գտնվում են գերության մեջ Ադրբեջանում: Հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց թիվը մնում է անորոշ:

Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում գերիների ստույգ թիվը՝ առանց որեւէ իրավական հիմքի եւ մարդու իրավունքների՝ Ժնեւի կոնվենցիայով նախատեսված պահանջների կոպտագույն խախտմամբ:

Անցյալ տարվա ընթացքում Հայաստան է հայրենադարձվել 142 ռազմագերի եւ գերի: Այնուամենայնիվ, հաստատված 46 ռազմագերիներ եւ գերիներ դեռ պահվում են Ադրբեջանում կալանքի տակ:

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմիցս չարաշահել է իրավական ընթացակարգերը, խախտել է միջազգային իրավունքի պահանջները եւ դատական կարգով հետապնդել հայ ռազմագերիներին՝ որպես պատիժ կիրառելով ազատազրկումը:

Հայ զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց «ահաբեկիչ» որակելը միջազգային մարդասիրական իրավունքի եւ, առհասարակ, մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

Ցանկանում եմ ընդգծել եւս մեկ անգամ, որ անկախ գերեվարվելու ժամկետից՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ զինծառայողները եւ քաղաքացիական անձինք իրենց ներկա կարգավիճակով ռազմագերի են եւ պետք է նրանց վերաբերվել որպես այդպիսին:

Այնուամենայնիվ, ինչպես իմ գործընկեր տիկին Ղազարյանն արդեն նշեց իր ելույթում եւ ինչպես նշված է ԵԽԽՎ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ անցած տարվա աշնանն ընդունված բանաձեւում, մի քանի տասնյակ անձինք գերության մեջ են Ադրբեջանում՝ առանց ադրբեջանական կողմից հաստատման, եւ բռնի անհետացումների մասին խոսելիս մենք պարզապես չենք կարող շրջանցել այս ակնհայտ իրողությունը:

Բռնի անհետացումների այս դեպքերի առնչությամբ համապատասխան դիմումներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ Դատարանը 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ: Սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի վերոհիշյալ որոշումները: Այս առումով իմ համոզմունքն է, որ Նախարարների կոմիտեն պետք է անդրադառնա այս հարցին:

Շնորհակալություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել