ՀՀ նախագահի պաշտոնական կայքը թարմացվել է։
Ալեն Սիմոնյանը երեքշաբթի առավոտյան՝ յոթնօրյա ժամկետի ավարտից հետո, ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել էր հունվարի 23-ին։
Նշենք, որ երկրի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կանցնեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, իսկ նրան կփոխարինի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, քանի որ վերջինս իր պաշտոնին ընտրվելու ժամանակ ստացել է ամենաշատ ձայները։
Ընդդիմության նախագահի թեկնածուի անունը դեռ հայտնի չէ, շրջանառվում է վարկած, որ ընդդիմադիրները թեկնածու չեն առաջադրելու։
Հիշեցնենք՝ կիրակի ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի առցանց տարբերակը տեղեկացրեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում որոշել է առաջադրել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Նա ԲՏԱ նախարար է նշանակվել 2021 թվականի օգոստոսին։ Կրթությամբ տնտեսագետ է։
Երկրի սահմանադրության համաձայն՝ մինչև նոր նախագահի ընտրությունը նրա պարտականությունները կկատարի խորհրդարանի նախագահը։ Նոր ընտրությունները պետք է անցկացվեն հանրապետության ղեկավարի հրաժարականն ընդունելու օրվանից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 35 օր հետո։ Քանի որ Հայաստանը խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկիր է, նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից յոթ տարի ժամկետով։