Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքը նախատեսվում է կանաչապատել. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետարանում այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, կարևորելով համայնքային ծառայության պատշաճ կազմակերպումը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ այսուհետ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության գործառույթներն անձամբ է համակարգելու:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևան համայնքը, լինելով ամենամեծը ՀՀ-ում, բազում խնդիրների է բախվում կադրային քաղաքականության մեջ: Կարծում եմ՝ մենք պետք է լինենք առաջամարտիկ. մեր եղած խնդիրները բացահայտելով՝ ներկայացնենք օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան պատշաճ կազմակերպել համայնքային ծառայությունը»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել: Քաղաքապետարանի տարեկան ծրագրերով աշխատանքներ կտարվեն նաև ոռոգման ցանցում առկա խնդիրները լուծելու նպատակով: Ջուրը այդ տարածք հասցնելու նպատակով նախորդ տարի հիմնական ջրատարի 1.9 կմ խողովակաշար է փոխարինվել: Քաղաքապետը հանձնարարել է մնացած 377 մետրն էլ փոխարինել այս տարի, որպեսզի համայնքապատկան տարածքի ոռոգման խնդիրն ամբողջությամբ լուծում ստանա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել