Իր հետ չամուսնանալու համար նախկին նշանածի մերկ լուսանկարներն ու տեսանյութերը ուղարկել է վերջինիս հորը, իսկ հետո տարածել համացանցում

Ա. Խ.-ն 2013 թվականից մինչև 2021 թվականի սկիզբը սոցցանցի իր էջի միջոցով ստացել է Լ. Պ.-ի մերկ լուսանկարները և տեսագրությունները:

2021 թվականի հուլիսին Լ. Պ.-ի հետ ամուսնանալու ցանկություն է հայտնել, սակայն աղջկանից և նրա հոր կողմից ստացել է բացասական պատասխան: Վրդոհված Ա. Խ.-ն իր մոտ եղած Լ. Պ.-ի մերկ լուսանկարները և տեսագրությունները ուղարկել է աղջկա հորը, որից հետո առանց Լ. Պ.-ի թույլատվության մուտք է գործել աղջկա անձնական «Մեսենջեր» հավելված և պոռնկագրական նյութեր հանդիսացող մերկ լուսանկարներն ու տեսանյութը տարածել է վերջինիս աշխատանքային խմբում:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Գործը վարույթ է ընդունվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին և մակագրվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Ըստ Ա. Խ.-ի նախաքննության ընթացքում տված ցուցմունքի 2012 թվականին Հալեպ քաղաքում Լ. Պ.-ի հետ ծանոթացել և սկսել են ընկերություն անել: Մոտ 5 ամիս ընկերություն անելուց հետո, Սիրիայում սկսված պատերազմի պատճառով Ա. Խ.-ն մեկնել է Լիբանան, ապա` Հայաստան, իսկ Լ. Պ.-ն տեղափոխվել է Հայաստան, ապա` Ֆրանսիա: Իրարից հեռու լինելու պատճառով սկսել են շփվել տարբեր ինտերնետային հավելվածների միջոցով, ինչպես հաղորդագրությունների, այնպես էլ՝ տեսազանգերի միջոցով:

2018 թվականի ամռանը Լիբանանում Ա. Խ.-ն և Լ. Պ.-ն նշանադրվել են: Որից հետո աղջկա հետ ինտերնետի միջոցով շփվելու ընթացքում Ա. Խ.-ն հայտնել է, որ կարոտում է նրան: Լ. Պ.-ն էլ իր նախաձեռնությամբ ուղարկել է իր մերկ լուսանկարները և տեսագրություն։

Լ. Պ.-ն էրոտիկ բնույթի մերկ լուսանկարներ և տեսանյութեր նշանածին վերջին անգամ ուղարկել է 2021 թվականի հունիս ամսին, որից հետո այլևս չի ուղարկել, քանի որ իր հայրը Ֆրանսիայից եկել է Հայաստան, հանդիպել տղային և նրա ծնողների հետ ու հայտնել, որ չի ցանկանում աղջկան ամուսնացնել նրա հետ, որից հետո Լ. Պ.-ն նշանածի հետ կապերը խզել է:

Զույգը, դեռ ընկերություն անելու սկզբնական շրջանում, միմյանց հայտնել են ֆեյսբուքյան իրենց անձնական էջի գաղտնաբառերը:

Նշանածի հորից բացասական պատասխան ստանալուց հետո Ա. Խ.-ն նրա հայրիկին համացանցի միջոցով հաղորդագրություններ է ուղարկել, որով հայտնել է, որ Լ. Պ.-ն իր հետ նշանվելիս կույս չի եղել և սպառնացել է, որ «այնպես է անելու՝ գլուխը կախ ման գա»: Որից հետո Ա. Խ.-ն աղջկա հորն ուղարկել է իրեն ուղարկված մերկ նկարները և 2 տեսանյութ: Նշված նկարները և տեսագրություններն ուղարկելով, վերջինս ցանկացել է ցույց տալ, թե որքան շատ են իրենք միմյանց սիրում:

Ըստ Լ. Պ.-ի տված ցուցմունքի՝ տեսանյութերն ու լուսանկարները նշանածին ուղարկելուց հետո մշտապես տեղեկացել է, որ տղան դրանք ջնջել է:

2021 թվականի հունվարին ինքը Ա. Խ.-ին տեղեկացրել է, որ այլևս չի ցանկանում նրա հետ ընկերություն անել և ամուսնանալ, իսկ տղան սպառնացել է ասելով՝ «ամեն ծակերդ բացելու եմ»:

2021 թվականի հուլիսի 30-ին իր աշխատանքի վայրի աշխատակիցները զանգահարել իրեն և հայտնել, որ իր անձնական էջի messenger հավելվածի «աշխատանքային ընկերների» խմբում տեղադրված են իր մերկ նկարները և տեսագրություն, որի պատճառով էլ աշխատանքից ազատված է:

Աղջկա հայրն իր ցուցմունքում հայտնել է, որ  2012 թվականին տեղափոխվել է Հայաստան, իսկ 2013 թվականից մշտական բնակություն հաստատելու նպատակով՝ Ֆրանսիա:

2021 թվականի հուլիսին բնակարան գնելու նպատակով եկել է Հայաստան: Մինչև Հայաստան գալը աղջիկն իրեն հայտնել է, որ չի ցանկանում Ա. Խ.-ի հետ ամուսնանալ, քանի որ վերջինս բնակվում է Հայաստանում, իսկ ինքը՝ Ֆրանսիայում:

Հայաստան գալուց հետո 2-3 անգամ հանդիպել է Ա.Խ.-ին և վերջինիս ծնողների հետ ու հայտնել, որ դուստրը չի ցանակնում Ա.Խ.-ի հետ ամուսնանալ: Որից հետո Ա.Խ.-ն հաղորդագրության միջոցով իրեն է ուղարկել դստեր մերկ լուսանկարներն ու տեսանյութերը: Այնուհետև կրկին հաղորդագրութուն է ուղարկել, որ նշված լուսանկարները և տեսանյութերը ուղարկել է դստեր անձնական էջում ընդգրկված ընկերների խմբին: Ինքն էլ Ա.Խ.-ին խնդրել է, որ ոչ մեկի չուղարկի, ինչ պետք է կանի, սակայն վերջինից ստացել է նման պատասխան.«ամենը գնաց և վերջացավ, ինչ որ պետք է անես ուշացար արդեն, նկարները հասան տեսան «Facebook» էլ ինձ հանեց»:

Քրեկան գործը քննելուց հետո դատարանը վճռել է Ա. Խ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը), ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը):

Դատարանը Ա. Խ.-ի նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք` 500.000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել