Բաքուն դեռ չի արձագանքել հայկական կողմի ներկայացրած գրավոր փաթեթին. ԱԽ քարտուղար

Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթն, ընդհանուր առմամբ, վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ, Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները», – մանրամասնեց Գրիգորյանը։

Նա ասաց, թե առաջարկությունները Բաքվին ներկայացրել են գրավոր, և այս պահին դեռևս արձագանք չեն ստացել։

Հիշեցնենք՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել