Կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85 հազար ՀՀ դրամ սահմանելու ուղղությամբ։ Իրավաբան․net-ը հայտնում է, որ գործադիրի նիստերի օրակարգում է ընդգրկվել ԱԺ «Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամի փոխարեն սահմանել 100 հազար դրամ։ Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
«Այլ կերպ ասած, նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտաբար պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով՝ որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր և հիմք, մինչդեռ տվյալ դեպքում պարզ չէ, թե մակրոտնտեսական ցուցանիշների ինչպիսի փոփոխու-թյուններ են հիմք հանդիսացել խնդրո առարկա նախաձեռնության համար:
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի մոտ 50%-ը, ինչը, կարծում ենք, բավական բարձր է և կարող է հակադարձ ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա, հատկապես, եթե հաշվի առնենք գործազրկության ներկայիս բարձր մակարդակը երիտասարդության և հասարակության ոչ փորձառու (low-skilled) ներկայացուցիչների շրջանում: Այդ մասին են վկայում նաև ԱՄԿ-ի, ՏՀԶԿ-ի, ԱՄՀի-ի և ՀԲ-ի համատեղ վերլուծության արդյունքները, ըստ որի նվազագույն աշխատավարձի օպտիմալ մեծությունը պետք է լինի միջին աշխատավարձի 25-35%-ի սահմաններում»,-նշվում է կառավարության պարզաբանման մեջ։
Կառավարության նիստերի օրակարգում նախագիծը «չզեկուցվող» հարցերի մեջ է ընդգրկված։