Շահերի պաշտպանության և աջակցության Թալինի ընդունարան. Աշխատողի իրավունքները վերականգնված են դատարանի վճռով

2010 թվականի փետրվար ամսին քաղաքացին դիմել էր Շահերի պաշտպանության և աջակցության Թալինի ընդունարան և հայտնեց, որ 1992-2004թթ. աշխատել էր «Թալինշին» Համաշինարարական Բաց Բաժնետիրական Ընկերությունում` որպես պահակ: Շահառուն աշխատանքից ազատվելուց հետո բազմիցս դիմել էր արդեն նախկին գործատուին` պահաջելով օրենքով սահմանված կարգով լրացնել և վերադարձնել աշխատանքային գրքույկը, սակայն յուրանքաչյուր անգամ մերժվում էր տարբեր պատճառաբանություններով:
Քաղաքացին դիմել է Թալին քաղաքում գործարկվող ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Թալինի ընդունարան` իր խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու խնդրանքով: Այդ նպատակով ընդունարանի իրավաբան Ի. Վարդանյանի կողմից նույնպես համապատասխան գրություն է ուղարկվել ընկերության տնօրեն Լ.Ղազարյանին` աշխատանքային գրքույկը օրենքով սահմանված կարգով լրացնելու և վերադարձնելու խնդրանքով, սակայն վերջինս պատասխանել է, որ չի կարող վերադարձնել, որովհետև այն գտնվում է իր հաշվապահի մոտ:

Այսպես, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի` «Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան»:

Արագածոտնի ՇՊԱԿ-ը ծանոթանալով գործի մանրամասներին` գործով տրամադրվեց փաստաբան, քանի որ կենտրոնը գտնում էր, որ սույն գործում կարող է առկա լինել հնարավոր կոռուպցիոն ռիսկ. ընկերության անգործության հետևանքով քաղաքացու աշխատանքային իրավունքները կոպտորեն խախտվել են, որն էլ իր հերթին կարող է առաջացնել մեկ այլ իրավունքի խախտման ռիսկ. քաղաքացու ՀՀ Սահմանդրությամբ սահմանված սոցիալական ապահովության` կենսաթոշակ նշանակելու և ստանալու իրավունքը:

Գործին ներգրավված փաստաբան Անահիտ Հակոբյանը պարտաստեց և ուղարկեց հայցադիմում ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, հայցապահանջով` պարտավորեցնել «Թալինշին» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Լ.Ղազարյանին` սահմանված կարգով լրացնել հայցվոր Արմենակ Վարդանյանի աշխատանքային գրքույկն ու վերադարձնել այն հացվորին: Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո շահառուի, սույն գործով հայցվորի փաստաբան Անահիտ Հակոբյանը մասնակցելով բոլոր դատական նիստերին` հիմնավորեց հայցվորի աշխատանքային իրավունքի խախտման փաստը: Արդյունքում, 2010 թվականի մայիսի 31-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սույն գործով կայացրեց վճիռ, ըստ որի վճռեց բավարարել Արմենակ Վարդանյանի հայցն ընդդեմ «Թալինշին» ԲԲԸ-ի` աշխատանքային գրքույկը վերադարձնելու պահանջի մասին:

Այսպիսով, Թալինի ընդունարանի իրավաբանի և գործում ներգրավված փաստաբանի շնորհիվ ոչ միայն վերականգնվեցին քաղաքացու աշխատանքային իրավունքները, այլև քաղաքացին այժմ կարող է դիմել սոցիալական ապահովության տարածքային ստորաբաժանում` կենսաթոշակ ստանալու խնդրանքով, քանի որ կենսաթոշակ ստանալու օրենքով սահմանված աշխատանքային ստաժը լրացել և հաստատվել է դատական կարգով:

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել