Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում հունվարի 13-ին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստում անցկացվեց գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության փուլը:
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը:
«Մենք մեր դիտարկումները ներկայացրեցինք գրավոր ապացույցներից մեկի հետ կաված, որտեղ հիմնավորվում էր, որ 2013 թվականին տեղի ունեցած առերևույթ հանցագործության դեպքի առթիվ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու միջնորդություն էր կատարվել, շուրջ 6 տարվա ժամանակահատված, այսինքն՝ 2013-2019 թվականը ներառյալ ստացվել էր բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ: Մենք ընդգծեցինք, որ կատարվածը չի կարող իրավաչափ լինել, քանի որ ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմինը նպատակ է ունեցել, ուղղակի իր հայեցողությամբ՝ օգտվելով քրեական գործի վարույթից, տեղեկություններ ստանալ անձի բանկային գաղտնիքի մասին»,-նշեց նա:
Ամրամ Մակինյանը նշեց, որ բոլոր դեպքերում դատարանն իր գնահատականը տալու է վերջում՝ դատական ակտով։
«Ցույց տվեցինք հանրությանը, որ ակնհայտ է պարոն նախագահի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, քրեական գործն ուղղակի առիթ է, նաև դատարանի և դատախազի ուշադրությունը հրավիրեցինք այն հանգամանքի վրա, որ գործով ամբաստանյալներից այս պահին հանգուցյալ Սերգո Կարապետյանը դատավարական շփումներ է ունեցել վարույթն իրականացնող մարմնի հետ, որից հետո քրեական գործի ընթացքը փոփոխվել է»,-նշեց նախագահի պաշտպանը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է Սերգո Կարապետյանի ցուցմունքը։ Հավելենք նաև, որ գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը (2021 թվականի փետրվարի 18-ին) և Սամվել Գալստյանը (2021 թվականի հունվարի 10-ին) մահացել են կորոնավիրուսի հետևանքով։
Նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ քրեական գործը քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար իրականացնում է ներկա դատախազության ներկայացուցիչը:
Դատախազ Մարտիրոսյանը նշեց, որ քաղաքական ոչինչ չկա ու ամենը մաքուր իրավական պրոցես է․ «Մեր գործողությունները, մեր վարքագիծը կառուցված է քրեական դատավարության օրենսդրությամբ»։
Հիշեցնենք, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: