Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ համոզված է, որ Դատավորների միության նախագահ կընտրվի Ալեքսանդր Ազարյանը:
«Վերջապես միությունը կսկսի գործել և առաջին հերթին կզբաղվի դատավորների շահերի պաշտպանությամբ: Միությունը չի գործել մի գուցե անգործության, մի գուցե դիտավորյալ անգործության հետևանքով: Այսօր մեր գալու նպատակը դա է, որ միությունը սկսի աշխատել՝ գլխավորությամբ պարոն Ազարյանի»,ասաց նա:
Դատավորն անդրադարձավ նաև ընտրությունները տապալելու մասին տեղեկություններին՝ նշելով, որ դա տհաճ է և հույս հայտնեց, որ չի ստացվի:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 14-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցն է, ինչից հետո կգումարվի նաև Դատավորների միության ժողովի նիստ, որի օրակարգում միության նախագահի և երկու տեղակալների ընտրության հարցն է։