Արագածոտնի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Պետրոսյանին կփոխարինի Սերգեյ Մովսիսյանը: Կառավարությունը հավանություն տվեց Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Սերգեյ Մովսիսյանին նշանակելու հարցերին։
Հիշեցնենք, որ Պետրոսյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի հոկտեմբերի 28-ին։
Սերգեյ Մովսիսյանը հունվարի 4-ին պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին: Նա պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով:
Իրավաբան․net-ը ներկայացնում է Մովսիսյանի կոնսագրությունը։
Ծնվել է 1989թ.սեպտեմբերի 23-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում:
2010թ. ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, 2013թ.՝ ԵՊՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան («Սինոփսիս Արմենիա» ուսումնական կենտրոն): Ռադիոֆիզիկոս: Ներկայում սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում ֆակուլտետում:
Մասնակցել է Դոնեցկի 12-րդ միջազգային տնտեսագիտական ամառային դպրոցի դասընթացներին (2008թ.):
2010-2018թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 2013-2017թթ. աշխատել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) Արագածոտնի մարզային գործակալության վիճակագիր:
2008 թվականից «Հայրենապաշտ» երիտասարդական հկ խորհրդի անդամ է:
2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: