Հայկական Flyone Armenia-ն Թուրքիայի իշխանությունների կողմից թույլտվություն է ստացել իրականացնելու Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ: Իրավաբան․net-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Flyone Armenia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
«Flyone Armenia ավիաընկերությունը Թուրքիայի ավիացիոն իշխանություններից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար։ Առաջին թռիչքը նախատեսվում է փետրվարի 2-ին»,-նշել է Անանյանը:
Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Փետրվար – Մարտ ամիսներին թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հետևյալ չվացուցակով.
Երևան (EVN) 18:00 – Ստամբուլ (IST) 19:50
Ստամբուլ (IST) 20:40 – Երևան (EVN) 23:50
Ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը, այդ թվում՝ հավելյալ ծառայությունները, հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև՝ գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։