Հունվարի 4-ին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել, որով սահմանել է հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները։
Հրամանն ուժի մեջ է մտնում հունվարի 11-ին։
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԵՑՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են հոգեբուժական կազմակերպությունում (այսուհետ` Կազմակերպություն) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները:
2. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանների սահմանումն ուղղված է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի պատիվն ու արժանապատվությունը չնվաստացնող, ինչպես նաև նրա բուժմանն ու ապաքինմանը նպաստող պայմանների ստեղծմանը:
2. ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՒԺՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3. Կազմակերպությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին ապահովում է սանիտարահիգիենիկ նորմերին և կանոններին համապատասխանող, բարեկարգ, կահավորված, սանհանգույցով և լոգասենյակով, եղանակային պայմանների համար անհրաժեշտ ջեռուցմամբ, օդափոխությամբ, խոնավությամբ, բնական և արհեստական լուսավորությամբ կեցության պայմաններով:
4. Կազմակերպությունում հիվանդասենյակներն առանձնացված են տղամարդկանց, կանանց և երեխաների համար, ընդ որում երեխաները բժշկական օգնությունը և սպասարկումը ստանում են առանձնացված բաժանմունքում:
5. Հիվանդասենյակում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին տրամադրվում է բավարար կեցության անհրաժեշտ տարածք՝ մեկ մահճակալի հաշվով առնվազն 4-6 քառ. մետր, բացառությամբ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման անհետաձգելի դեպքերի:
6. Հիվանդասենյակում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին տրամադրվում են անկողնային և հիգիենիկ պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1724-Ն որոշմամբ սահմանված չափաբաժիններին և դրանց շահագործման ժամկետներին համապատասխան:
7. Հիվանդասենյակը կահավորված է յուրաքանչյուր անձի համար մահճակալով, կողպելու հնարավորությամբ կողապահարանով՝ անձնական իրերը և պարագաները պահելու համար, ինչպես նաև պահարանով կամ հարմարանքով, որտեղ կարող է պահվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հագուստը:
8. Անկողնային վիճակում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հիվանդասենյակում տեղադրված է բազմաֆունկցիոնալ մահճակալ, հակապառկելախոցային ներքնակ, շարժական զուգարանակոնք կամ շարժական զուգարան-սայլակ, ինչպես նաև կողասեղանիկ` սնվելու պատշաճ պայմաններն ապահովելու նպատակով:
9. Կազմակերպությունն ապահովում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի շաբաթական առնվազն երկու անգամ (անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ) լողանալու հնարավորությունը:
10. Լոգասենյակներում առկա են լոգախցիկներ կամ ցնցուղներն իրարից բաժանող միջնապատեր:
11. Կազմակերպությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց ապահովվում է անհատական սրբիչներով և լոգանքի սպունգներով:
12. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հասանելի է խմելու, հոսող տաք և սառը ջրի առկայությունը:
13. Անձնական կարիքները հոգալու համար սանհանգույցներն առանձնացված են միջնապատերով կամ խցիկներով և ապահովված են զուգարանակոնքերով:
14. Կազմակերպությունը, իր միջոցների հաշվին, կազմակերպում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին վարսահարդարման ծառայությունների մատուցումը՝ ամիսն առնվազն մեկ անգամ:
15. Կազմակերպությունում գտնվելու ընթացքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի, մարմնամարզության իրականացման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 31-ի թիվ 46-Ն հրամանով:
16. Կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բացօթյա զբոսանքի համար նախատեսվում է ընդարձակ տարածք` ապահովված վատ եղանակային պայմաններից պաշտպանելու համար պատշաճ ծածկերով:
17. Կազմակերպության բաժանմունքներում ծխելու համար առանձնացված են համապատասխան օդափոխվող վայրեր` ծխարաններ:
18. Կազմակերպությունում հանգիստն ապահովելու համար առանձնացվում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հասանելի վայրում հանգստի գոտի՝ հագեցված բազմոցով, աթոռներով, սեղաններով, հեռուստացույցով, սեղանի խաղերով և զբաղվածության այլ միջոցներով, երեխաների համար՝ խաղասենյակներով:
19. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար ստեղծվում են նպատակային զբաղմունքների տարբեր տեսակներ՝ դրանք չսահմանափակելով միայն հեռուստացույցով և սեղանի խաղերով։
20. Կազմակերպության շենքային պայմանները հարմարեցված են տեղաշարժման հետ կապված դժվարություններ ունեցող անձանց պահանջմունքներին:
21. Տեղաշարժման հետ կապված խնդիր ունեցող անձինք ապահովված են սանհանգույցից, ճաշասրահից և զբոսանքից օգտվելու պատշաճ հնարավորությամբ:
22. Կազմակերպության մուտքը և շենքում տեղաշարժվելու համար անհրաժեշտ այլ վայրերը ապահովված են թեքահարթակներով և այլ հատուկ հարմարանքներով:
23. Հենաշարժական խնդիր ունեցող և տարեց անձանց անհրաժեշտության դեպքում տրամադրվում են քայլակներ, հենակներ և այլ օժանդակ սարքեր, ինչպես նաև` շարժական զուգարանակոնք կամ շարժական զուգարան-սայլակ:
24. Կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն իրավունք ունի օգտվելու անձամբ, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի միջոցով Կազմակերպություն տեղափոխված առաջին անհրաժեշտության իրերից և պարագաներից, համաձայն «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի հավելվածով հաստատված ընթացակարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի:
3. ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ
25. Կազմակերպությունը շաբաթական առնվազն մեկ անգամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին տրամադրում է մաքուր հագուստ և անկողնային պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1724-Ն որոշմամբ սահմանված հանդերձանքի և անկողնային պարագաների չափաբաժիններին և դրանց շահագործման ժամկետներին համապատասխան:
26. Կազմակերպությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող բոլոր անձանց ապահովում է վերջիններիս տարիքին, սեռին և եղանակային պայմաններին համապատասխան անհատական հագուստով:
27. Կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն իրավունք ունի օգտվելու նաև անձնական հագուստից:
28. Կազմակերպությունն իրականացնում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հագուստի և սպիտակեղենի լվացման և պահպանման պատշաճ կազմակերպումը, ներքնաշորերի առանձին լվացումը և անհատականացումը:
4. ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՍՆՈՒՆԴԸ
29. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին տրվող սնունդը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1724-Ն որոշմամբ սահմանված սննդի օրական միջին չափաբաժիններին:
30. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին տրվող սնունդն ունի բավարար սննդարարություն և օրգանոլեպտիկ հատկություններ (համ, հոտ, տեսք):
31. Կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին օրական առնվազն 3 անգամ տրամադրվում է սնունդ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կան հատուկ սննդակարգով սնվելու բժշկական ցուցումներ:
32. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը սնվում է Կազմակերպության ճաշասրահներում, որը կահավորված է սեղաններով, աթոռներով և սպասքի անհրաժեշտ պարագաներով:
33. Բժշկական ցուցումների դեպքում` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի սննդի ընդունումը կազմակերպվում է հիվանդասենյակում: