Քաղաքացու թեստավորման համար վճարելու պարտականությունը պետք է դրվի պետբյուջեի վրա. Արամ Վարդևանյան

Քաղաքացու թեստավորման համար վճարելու պարտականությունը պետք է դրվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների վրա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ պետական բյուջեն այս գործառույթն իրականացնելու համար ունի բավարար միջոցներ:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը Վարդևանյանն ասաց.«Ես գիտեմ մարդկանց, որոնք այդ ծախսի պատճառով լրջագույն ֆինանսական դժվարություններ են ունեցել։ Հիմա Առողջապահության նախարարությունն ինչպե՞ս է նայելու այդ մարդկանց աչքերին։ Ի վերջո, Հայաստանում պետք է ձևավորվի քաղաքական պատասխանատվության ինստիտուտը։ Եթե առողջապահության նախարարը կամ կառավարության անդամը չի կարողանում ընկալել, որ Սահմանադրությունում նշված է, որ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, մեղմ ասած դրա համար պետք է լինի քաղաքական պատասխանատվություն»,-նշեց պատգամավորը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սահմանադրական դատարանը «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչեց Սահմանադրության 6-րդ կետի 1-ին, 2-րդ մասերին եւ 39-րդ հոդվածին հակասող եւ անվավեր՝ նկատի ունենալով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել