Ազգային ժողովի «Պատաիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շուշիի տանկի հայտնի հուշարձանի հարակից հատվածում՝ պատին, ժամանակին Արցախի Հանրապետության դրոշն էր պատկերված, որը անհայտ հանգամանքներում պղծել են։
Հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցիների հետ շփման գիծն անցնում է հուշարձանից քիչ վերև, կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցում են իրականացրել, պատից մաքրել նկարված դրոշը և հեռացել։
Այս խնդիրը ճշտման ենթակա նվազագույնը 2 հարց ունի։ Ո՞վ է նման արարքի հեղինակը և ինչպե՞ս ու ի՞նչ պայմաններում է հաջողվել իջնել հայկական վերահսկողության տակ գտնվող հատված։
Ենթադրելի է, որ սադրանքն իրականացվել է ադրբեջանցիների կողմից, սակայն հայկական խորհրդանիշի պղծումից բացի սա ցույց է տալիս Արցախի անվտանգության խոցելիությունը, որովհետև միջադեպը տեղի է ունեցել հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի հարակից մասում։
Ադրբեջանի նման հարևան ունենալու պայմաններում նմանատիպ այլանդակությունները, ցավոք, սպասելի է, սակայն մեր խնդիրը պետք է լինի հնարավոր բոլոր միջոցներով կանխելու ադրբեջանական սադրանքներ, այդ թվում՝ դիվերսիոն ներթափանցման։
Սա նշանակում կոմունիկացիաների, սահմանագծի անվտանգության ապահովման ճկուն համակարգ, նոր լուծումներ և իրադրությանը հատուկ միջոցառումներ, որի որակը դեռևս հեռու է բավարար լինելուց»։