Իր բոլոր զբաղեցրած պաշտոնների կողքին նա գծիկով ավելացրել է՝ իրավաբան. Արեգնազ Մանուկյանը՝ ՄԻՊ թեկնածուի մասին

ՄԻՊ պաշտոնում ոչ կամակատար և իշխանությունների դավադիր հրահանգները չկատարող անձնավորություն այս քաղաքական ուժին պետք չէ: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը ԱԺ-ին առաջարկելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյան։

Նա նշեց, որ Սահմանադրության 192 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել հասարակության շրջանում բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք։ Թե ինչպե՞ս է ՔՊ-ն որոշել, որ Քրիստինե Գրիգորյանը հասարակության շրջանում բարձր հեղինակություն է վայելում, Մանուկյանի համար անհասկանալի է․ «Ավելին, քաղաքացիներն անգամ չեն էլ ճանաչում Քրիստինե Գրիգորյանին»։

Պատգամավորի խոսքով՝ համացանցում Քրիստինե Գրիգորյանի մասին որոնման արդյունքում գտնված հրապարակումների մեծ մասը վերաբերում է Ստամբուլյան ու Լանզարոտեի կոնվենցիաներին, որոնց ընդունման դեմ Հայաստանում դիմադրություն կար, բողոքի ակցիաներ էին անցկացվում․ «Քրիստինե Գրիգորյանն, օրինակ, ԱԺ-ում ներկայացրել է Լանզարոտեի կոնվենցիան, համոզել, որ Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնությունները մեծ թիվ են կազմում, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ էլ դիմել է միջազգային կառույցներին խորհրդատվական կարծիքի համար»։

Մանուկյանը հատկանշական համարեց նաև Գրիգորյանի կենսագրական տվյալները։

«Օրինակ, Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված կենսագրության մեջ նշված է, որ 2009թ․ մարտ-հոկտեմբերին նա աշխատել է ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան: Թարգամանիչ-իրավաբան․․․ ուշագրավ զուգակցում է։ Իր բոլոր զբաղեցրած պաշտոնների կողքին նա գծիկով ավելացրել է՝ իրավաբան, թերևս ցույց տալու համար մասնագիտական աշխատանքային ստաժը: Ի դեպ, մասնագիտությամբ Քրիստինե Գրիգորյանն արևելագետ է։ Միայն 2006-2008թթ․ է Հյուսիսային համալսարանում ստացել Իրավագիտության բակալավրի աստիճան, սակայն, չգիտես ինչպես, 2004-2009թթ. ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ է աշխատել»,-ասաց Մանուկյանը ու հավելեց՝ հիմնավոր կասկածներ կան, որ Քրիստինե Գրիգորյանն իր գործունեությունում չի կարող լինել անկախ, անաչառ և անկողմնակալ, առավել ևս, որ այս իշխանությունները չեն հանդուրժում այդ հատկանիշները և ցավոտ են տանում իրենց քիմքին ոչ հաճո յուրաքանչյուր հայտարարություն։

Պատգամավորը կարծում է, որ ՄԻՊ պաշտոնում ոչ կամակատար և իշխանությունների դավադիր հրահանգները չկատարող անձնավորություն այս քաղաքական ուժին պետք չէ․ «Ի վերջո, կարելի է եզրահանգել, որ ինչպես մյուս բոլոր կայացած ինստիտուտները, այս մեկն էլ է գործող իշխանությունը փորձում ապականել և կոծկել Հայաստանի շահերի դեմ իրականացվող և իրականացվելիք քայլերը»։

Հանձնաժողովը որոշեց 4 «կողմ» և 3 «դեմ» ձայների հարաբերակցությամբ որոշեց ԱԺ-ին առաջարկել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել