ՀՀ-ն ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է վերը շարադրված փաստերին․ ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկվող զինված սադրանքները կրում են ամենօրյա բնույթ: Դեկտեմբերի 10-ին նման մի սադրանքի հետևանքով զոհվել է Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Վահե Վաղարշակի Մանասերյանը, ևս ութ զինծառայողներ վիրավորվել են:

Խորին ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքին, շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորված զինծառայողներին, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները և արձանագրում, որ դրանք կրում են պլանավորված բնույթ և տարածաշրջանում իրադրությունը շարունակաբար սրելու նպատակ ունեն:

Այս արձանագրումը հենվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անհեթեթ հռետորաբանությունը, ինչը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին, նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումն է:

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս.թ. մայիսից ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք: Այսօրվա միջադեպը տեղի է ունեցել օկուպացված այդպիսի հատվածներից մեկում:

Մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի Հանրապետության առաջարկին, որը նոյեմբերի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցվել նաև գրավոր:

Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է վերը շարադրված փաստերի, ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանական Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, չխոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկանյքով միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկումը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել