ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը առանց դատարանի որոշման ազատ արձակվեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:
Պատճառը Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 9-ի որոշումն է, որով արձանագրել է՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ:
ՍԴ որոշման մեջ, մասնավորապես, նշված է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ: ՍԴ-ն նաև արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը համապատասխանում է Սահմանադրությանը:
Նույն հիմքով այսօր ազատ արձակվեց նաև բժիշկ Արմեն Չարչյանը։
Լուսանկարը՝ ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից։