ԱԺ պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:
«Այսօր ինձ համար շատ լավ օր է, իսկ տրամադրությունս բարձր է»,- ասաց Արմեն Չարչյանը:
Լրագրողի այն հարցին, թե որն է լինելու ազատ արձակվելուց հետո իր առաջին քայլը Չարչյանն ասաց, որ առաջին քայլն արդեն արել է՝ համբուրել է կնոջը: Չարչյանը նշեց, որ դատարանից ազատ արձակվելուց հետո մոտակա ամիսների ընթացքում աշխատելու է առողջությունը վերականգնելու ուղղությամբ:
«Ես առողջական շատ լուրջ խնդիրներ ունեմ, որոնք այս հինգ ամսվա ընթացքում շատ վատ ձևով արտահայտվել է, ես զրկված եմ եղել լրատվությունից, առաջիկա իմ խնդիրը առողջությունս վերականգնելն է լինելու», – ասաց նա։
Հիշեցնենք, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: