ՍԴ որոշմամբ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անձը չի կարող պահվել անազատության մեջ

ՀՀ սահմանադրական դատարանը նոր որոշմամբ արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԴ –ն հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:

ՍԴ որոշման մեջ, մասնավորապես, նշված է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:ՍԴ-ն նաև արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը համապատասխանում է Սահմանադրությանը:

«Հայաստան» դաշինքն էլ, անդրադառնալով պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ իրենց դիմումի վերաբերյալ ՍԴ այդ որոշմանը, նշել է, որ Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի իրենք երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն:

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն արդեն տեղեկացրել է, որ պատրաստվում է ներկայացնել դատարանին միջնորդություն անհապաղ դատական նիստ հրավիրելու եւ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով:

Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել