Եթե հրաժարական տված չլինեի, Դուք էլ էիք տիկին Մկրտչյանի հետ քաբաբ անելիս լինելու մանղալների վրա. Փաշինյանը՝ Խամոյանին

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ագնեսա Խամոյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն 2-րդ անգամ հայտարարում է, որ ազդեցության ցանցեր կան Հայաստանում, և «Հայաստան» խմբակցության պատգամավորին մեղադրում է Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ ՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն օգտագործելու համար։

«Ժանրի կանոններով, պարոն Փաշինյան, հիմա ես Ձեզ պետք է մեղադրեմ Ադրբեջանի շահերը լավագույնս պաշտպանելու մեջ, որովհետև դուք եք Ադրբեջանի նախագահին անվանել «կիրթ և կառուցողական», ասել եք, որ նա պատրաստ է հարցի լուծմանը։ Դուք եք նրա հետ Դուշամբեի վերելակում Ձեր նոթատետրի մեջ անհասականալի գրառումներ արել։ Ձեր օրոք ենք կորցրել Արցախի զգալի հատվածը, հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցել, տասնյակ հազարավոր անտուն քաղաքացիներ ունեցել։ Եվ, ի դեպ, դուք եք «Էյվազլի և Չայվազլի» ձևակերպումները մտցրել մեր խոսույթ և հայտնվել ադրբեջանական մամուլում»,- նշեց Խամոյանը, որից հետո հարցրեց Փաշինյանին․ «Ակնհայտ է, որ հրաժարական տալով Դուք կարող էիք կանխել պատերազմը և խոստովանում եք, որ անելանելի վիճակ էր բանակցություններում ստեղծվել։ Ուզում եմ հիշեցնել Հանրապետության հրապարակում ձեր հայտարարույթունը՝ «կամ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կամ ՀՀ-ն չի ունենա վարչապետ»։

Արդյո՞ք ուժի մեջ է Ձեր այս հայտարարությունը և եթե իրերի ընթացքն այնպես դասավորվի, որ Ձեզ հնարավորություն ընձեռնվի իրավիճակը մեղմելու համար գոնե ձեր թիմակիցներից մեկին փոխանցել վարչապետի պաշտոնը, հնարավո՞ր է,օրինակ ՝ Պապիկյանին կամ Արարատ Միրզոյանին, կամ Ալեն Սիմոնյանին»։

Փաշինյանն արձագանքեց․ «Պատերազմը կանխելու ձևը մեկն էր՝ տարածքների վերադարձը, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման»։

Ինչ վերաբերում է բուն հրաժարականի մասին հարցին, Փաշինյանն ասաց․ «Ես հրաժարական տվել եմ, դուք էլ եք իմ հրաժարականի շնորհիվ այստեղ նստած: Եթե հրաժարական տված չլինեի, Դուք էլ էիք տիկին Մկրտչյանի հետ հիմա Բաղրամյան պողոտայում քաբաբ անելիս լինելու մանղալների վրա»։

Փաշինյանի խոսքով՝ նրանք են թալանել բանակն ու երկիրը. «Խոսում եք ԱԹՍ-ների մասին, բայց ձեր պաշտպանության նախարարն ասում էր՝ կանսեռվի կոկոշները կախեք դիրքերում, որ ադրբեջանցիք մոտենան, իմանաք: 2016-ին առկա բանակցային ժառանգությամբ տեղի է ունեցել աղետ, երբ Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական հնարավորությունները: Ցանկացած տեղ դա կապացուցեմ: Ուզում եք դռնփակ նիստ արեք, բանակցային բովանդակությունը բերեմ դնեմ սեղաններիդ»:

Դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ ՀՀ վարչապետն ասաց՝ երբ Օհանյանը նախարար էր, ՀՅԴ-ականներն էլ՝ պատգամավոր, կողմ քվեարկեցին վարչատարածքային բաժանման մասին օրենքին. «Օրենքը ընդունվել է նրա համար, որ պատերազմից հերթական անգամ խուսափեք»:

Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո դահլիճում աղմուկ առաջացավ, պատգամավորները սկսեցին բղավել: Ընդդիմադիր պատգամավորները վարչապետին հիշեցրին, որ նրա ելույթի ժամանակն ավարտվել է, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Իմ ժամանակը չի ավարտվել, ձեր ժամանակն է ավարտվել: Ղարաբաղ ծախողներ եկել են, ասում են՝ Ղարաբաղը հանձնեցիք, Ղարաբաղը հանձնածները այստեղ են նստած»,- ասաց Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել