Ալեն Սիմոնյանը կհանդիպի գերիների հարազատների հետ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կհանդիպի գերիների հարազատների հետ։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նա նշել է․ «Ես այսօր իմ համաձայնությունը տվել եմ, իրենք չեն համաձայնել էդ քանակով հանդիպել: Քիչ առաջ ես նույնպես համաձայնությունս տվել եմ իրենց ավելի մեծ քանակով հանդիպելու և վստահ եմ՝ այդ հանդիպումը շատ լավ կանցնի»։

ԱԺ նախագահն անդրադարձավ նաև խորհրդարանում պատգամավորների օգնականների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպին՝ ընդգծելով, որ Ազգային ժողովը խուլիգանության տեղ չէ․ «Եվ դա վերաբերում է ոչ միայն պատգամավորներին, այլև պատգամավորների օգնականներին, որոնք միջանցքներում իրենց պետք է պատշաճ կերպով պահեն, և ես խստորեն դատապարտում եմ յուրաքանչյուր տեսակի բռնության և խուլիգանության արտահայտում. ում կողմից դա ուզում է եղած լինի»։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով գերիների մասին, նշում է, որ իրենք իր համար գոյություն չունեն։

ԱԺ նախագահի օգնականը հրապարակել է տեսանյութի ամբողջական տարբերակը, որտեղ ԱԺ նախագահը նշում է․ «Այդ գերիների, այդ մարդկանց, այդ զինվորների նպատակը ո՞րն է եղել, երբ որ իրենք զենք են վերցրել՝ պաշտպանելու հայրենիքը, եթե ես այդ զինվորների պատճառով պետք է Սյունիք կորցնեմ, եթե ես պետք է Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարողա սխալ բան եմ ասում, բայց ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչ է դրված, մյուս նժարի վրա ինչ է դրված։ Բնականաբար մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում, բայց մենք չենք կարող ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությանը պատանդ դնել։ Գերիներն այն մարդիկ են, ովքեր զենքը դրել, փախել և մոլորվել են, ես այս մասին չեմ կարող բարձր ասել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել