Ոստիկանները փորձում են ուժով հեռացնել գերիների և անհայտ կորածների հարազատներին

Կառավարության դիմաց ընթանում է գերիների և անհայտ կորածների հարազատների բողոքի ակցիան: Նրանք պահանջում են, որպեսզի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա և պարզաբանի իր հայտարարությունը, ըստ որի՝ իր համար «գերիներ չկան, նրանք դասալիքներ են»:

Ցուցարարները փակել են Հանրապետության հրապարակից Ամիրյան տանող, ինչպես նաև Տիգրան Մեծից հրապարակ տանող ճանապարհները, իսկ ոստիկանները փորձում են նրանց ուժով հեռացնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով գերիների մասին, նշում է, որ իրենք իր համար գոյություն չունեն։

ԱԺ նախագահի օգնականը հրապարակել է տեսանյութի ամբողջական տարբերակը, որտեղ ԱԺ նախագահը նշում է․ «Այդ գերիների, այդ մարդկանց, այդ զինվորների նպատակը ո՞րն է եղել, երբ որ իրենք զենք են վերցրել՝ պաշտպանելու հայրենիքը, եթե ես այդ զինվորների պատճառով պետք է Սյունիք կորցնեմ, եթե ես պետք է Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարողա սխալ բան եմ ասում, բայց ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչ է դրված, մյուս նժարի վրա ինչ է դրված։ Բնականաբար մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում, բայց մենք չենք կարող ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությանը պատանդ դնել։ Գերիներն այն մարդիկ են, ովքեր զենքը դրել, փախել և մոլորվել են, ես այս մասին չեմ կարող բարձր ասել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել