Զարուհի Նախշքարյանը կորոնավիրուսի ախտանշաններ ունի. նիստը հետաձգվեց

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ դեկտեմբերի 2-ին, քննության առավ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդությունը՝  Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասութան դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջահանգիրյանը հայտնեց, որ այսօր էլեկտրոնային փոստով ստացել են Զարուհի Նախշքարյանի դիմումը ուղղված խորհրդին:

Դատավորն ուղարկած դիմումով հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանշաններ ունի և ՊՇՌ թեստ է հանձնել, բացի այդ նա տեղեկացրել է, որ իր ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը բացակայում է քաղաքից, և խնդրել է այսօրվա նիստը հետաձգել ու նշանակել ոչ շուտ քան դեկտեմբերի 7-ը, որպեսզի ինքը և իր ներկայացուցիչը կարողանան ներկա գտնվել նիստին:

Նշենք նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը ինքանբացարկի միջնորդություն ներկայացրեց, դրա վերաբերյալ որոշումը ԲԴԽ-ն կհրապարակի հաջորդ դատական նիստին։

Իրավաբան․net-ի հետ զրույցում ԲԴԽ մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը հայտնեց, որ միջնորդության հիմքերը կներկայացվեն հաջորդ նիստին։

Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 13-ին: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել