«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Նոյեմբերի 22-ին «5165 շարժման» անդամներս և ՀՀ մի խումբ քաղաքացիներ գրավոր դիմում հանձնեցինք Կառավարությանը՝ պահանջելով հանրայնացնել Նիկոլ Փաշինյանի վկայակոչած փաստաթղթի բովանդակությունը, որը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը: Դիմումի մեջ նշել էինք փաստաթղթի հետ կապված մեր մտահոգությունները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությունից թշնամուն կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ զիջվելու, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչվելու հնարավորությանը:
Նոյեմբերի 23-ին ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանը մեր պահանջի առնչությամբ հայտարարեց, որ իր նշած փաստաթուղթը վերաբերում է միայն սահմանագծման ու սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելուն: Մենք քանիցս պարզաբանեցինք, որ մեր պահանջը բնականաբար վերաբերում է ոչ թե հանձնաժողովի ձևավորման փաստին, այլ դրա աշխատանքների հիմքում ընկած քարտեզներին, սկզբունքներին, հայկական կողմի համար ընդունելի և անընդունելի զիջումներին (կարմիր գծեր): Կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում էր այս ամենը: Նա անշուշտ հասկանում էր, որ մեր պահանջը վերաբերում է սահմանագծման ու սահմանազատման մեխանիզմներին, որոնք մինչև տարեվերջ հստակեցվելու են՝ համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության, որ արվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ու ստորագրված հայտարարության առնչությամբ:
Նոյեմբերի 29-ին մենք ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացանք գրություն այն մասին, որ ՀՀ կառավարությանն ուղղված մեր դիմումում նշված բովանդակությամբ փաստաթուղթ գոյություն չունի և որ այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված իր հարցազրույցի ընթացքում:
Նման պատասխանը հերթական վկայությունն է այն բանի, որ.
1. Նիկոլ Փաշինյանը, հանրային արդարացի պահանջի բովանդակությունը քաջ գիտակցելով հանդերձ, ժողովրդին չի հայտնում սահմանագծման ու սահմանազատման հետ կապված ողջ ճշմարտությունը, թե ինչ է սպասվում Արցախի հարցին, ՀՀ-ի սահմանային տարածքների հարցին, թեև նախկինում խոստացել էր գալ հրապարակ և հայտնել ժողովրդին:
2. Հերթական անգամ հանրությունից թաքցվում է նրա թիկունքում ձեռք բերված իրական պայմանավորվածությունները:
3. Նիկոլ Փաշինյանը անթույլատրելիորեն միանձնյա որոշումներ է ընդունում համազգային նշանակության կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ՝ այս գործընթացին մասնակից չդարձնելով իշխանության մյուս թևերին և փաստորեն ուզուրպացնելով ողջ իշխանությունը»,-նշվում է հայտարարության մեջ: