ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սոցիալական ցանցերում բնապահպանների և քաղաքացիների կողմից Երևանյան լճի աղտոտվածության շուրջ ահազանգի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված «Երևանյան լճի և Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» բնապահպանական ծրագիրը՝ 60,4 մլն դրամ գումարի շրջանակներում։
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 113 մլն դրամ։
Միջոցառումն արդեն իսկ ներառված է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայքներում» ծրագրի շրջանակներում, և այն կմեկնարկի 2022 թվականին։
Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը՝ դարձնելով այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ռեկրեացիոն գոտի։
Ծրագրի իրականացման նապատակներն են՝
– նվազեցնել կենցաղային թափոնների հետագա մուտքը Հրազդան գետ և Երևանյան լիճ,
– նվազեցնել աղտոտվածության մակարդակը,
– կանխարգելել աղտոտվածության տարածումը։
Հարգելի՛ քաղաքացիներ, իհարկե շատ կարևոր է դեպքերի արձանագրումն ու բարձրաձայնումը, սակայն, պակաս կարևոր չէ սեփական վարքով չնպաստել վիճակի վատթարացմանը։ Հարկավոր է ավելի հոգատար ու պատասխանատու վարք դրսևորել բնության և շրջակա միավայրի հանդեպ»։