Ես մնում եմ իմ կարծիքին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով Սահմանադրական դատարան դիմելու հիմքերը կային։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ նոյեմբերի 22-ին Էրիկ Ալեքսանյանը Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով ՍԴ դիմելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան:
Դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժել է պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով ՍԴ դիմելու մասին միջնորդությունը։
«Դատարանը գտավ, որ այդ հիմքերն այնուամենայնիվ չկան: Մենք պարտավոր ենք դատավոր Միսակյանի որոշումը հարգել, որովհետև նա այն եզակի դատավորներից է, որ եթե որևէ որոշում կայացնում է, ապա դա իր կարծիքն է: Ես վստահ եմ, որ նա կայացնում է որոշում, որն իրենն է»,-նշեց պաշտպանը:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակին, նա նշեց. «Շաքարային դիաբետի ծանր ձևը պահպանվում է, 100-ից ավել ինսուլին է ստանում, և սեփական միջոցներով է դա ապահովում: Փորձաքննությունը նշանակվել է, հանձնաժողովը հաստատվել է և փորձագետներն անցել են իրենց գործին: Եզրակացություն այս պահին չունենք: Փորձաքննության կատարման ժամկետներ օրենսդրությունը չի նախատեսում, բայց հույս ունենք, որ շուտով եզրակացությունը պատրաստ կլինի և մենք կկարողանանք կրկին անդրադառնալ խափանման միջոցի հարցին»:
Հիշեցնենք, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: