Սյունիքի 6 գյուղերի բնակիչներին, ընտանիքներին հատկացվել են բենզին, վառելիքի համար գումար․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել իրականացվող աշխատանքների վերաբերյալ: «Փաստացի ունենք 7 ճանապարհ: Ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանին է , որը համարում ենք ավարտված՝ երթևեկելի է: Նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը, եթե որոշ թերություններ լինեն՝ կշտկենք, և երրորդ շերտը կտեղադրենք: Մյուս վեց հատվածներում հիմա աշխատանքներ են ընթանում: Այդ 6 հատվածներից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կմ է: Ճանապարհի մի մասում՝ մոտ 3,5-4 կմ, արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներր են իրականացվել, մյուս հատվածներում շարունակվում են որոշ տեղերով բարեկարգման, ճանապարհի անցանելիության կարգավորման և անհրաժեշտության դեպքում նաև խճապատման աշխատանքներ: Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է՝ 13 կմ: Մի մասն ամբողջովին նոր է կառուցվում և այնտեղ որոշակի դժվարություններ կան՝ անտառի հատված հետ կապված: Ուզում եմ նշել, որ նույն Շուռնուխ գյուղն առնվազն երկու ճանապարհ ունի: Մեկը՝ Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը գործում է, նորմալ է և մեր հայրենակիցները կարող են երթևեկել: Մյուսը՝ Շուռնուխ-Բարձրավան այդ կառուցվող ճանապարհը, որն անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար: Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ-ից 5 կմ-ի հիմքն ամբողջովին երթևեկության համար պատրաստ է: Մյուս 5 կմ-ի վրա իրականացվում են բարեկարգման և խճապատման աշխատանքներ: Եվս երկու ճանապարհահատված ունենք՝ Կապան- Ճակատեն և Կապա-Գեղանուշ-Ճակատեն: Օրեր առաջ սկսվել են Գեղանուշ–Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք նաև խճապատման աշխատանքները, որոշակի թեքություններ կան, 2-3 օրվա ընթացքում այդ աշխատանքները կավարտենք և ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի: Դրան զուգահետ մենք կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որ կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ: Եվ, իհարկե, շարունակվում է Տաթև-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները: Այս պահին մոտ 6,5 կմ վրա աշխատանքներ են իրականացվել, 2 ընկերություններ տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքներն ավարտվել են»-ասել է նախարարը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այդ բոլոր ուղղություններով պետք է օր առաջ ունենալ գրունտային վիճակ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար և բոլոր եղանակներին: «Շինարարության սեզոնի մեկնարկին պես, մենք այդ բոլոր ճանապարհները կասֆալտապատենք: Այսինքն՝ մեր ծրագիրը հետևյալն է, որ գյուղերի ճանապարհները և նաև Տաթև-Լծեն ճանապարհահատվածը 2022 թվականին ամբողջությամբ ասֆալտապատ վիճակում լինի: Մենք նաև պայմանավորվեցինք, որ Խոտանան գյուղի հատվածում շրջանցիկ ճանապարհ ստեղծենք, որպեսզի բեռնատարները գյուղ չմտնեն, որովհետև այնտեղ մի հատված կա, որը մի քիչ նեղ է և տրանսպորտային առումով խնդիր կառաջացնի. հենց ճանապարհի եզրին եկեղեցի կա, որը պատմամշակութային հուշարձան է, և այդտեղ ճանապարհը լայնացնելու առումով պրոբլեմ կունենանք»,-ասել է վարչապետը՝ արձանագրելով, որ չկա բնակավայր, որտեղ կենսաապահովման խնդիր կա կամ ընդհանարապես կտրված լինի, շրջափակման մեջ լինի:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ճանապարհի ժամանակավոր երկարացման կապակցությամբ 6 գյուղերի բնակիչներին, ընտանիքներին հատկացվել են բենզին, վառելիքի համար գումար. «Նաև լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել, որպեսզի ժամանակավոր լոգիստիկ դժվարությունները հնարավորինս կոմպենսացնենք, և մեր հայրենակիցները լրացուցիչ բարդություններ չունենան: Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել և այսօր առավոտյան ինձ զեկուցվել է, որ 6 գյուղերի բոլոր 250 ընտանիքներին համապատասխան աջակցություն է ցուցաբերվել»:

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով այսօր ընդունել է որոշում, որով նախատեսվում է անհետաձգելի համարել պետական անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ Հ 46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) – Բարձրավան ավտոճանապարհի, Տանձավեր – Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև Որոտան – Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ – Լծեն ավտոճանապարհների վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և այդ նախագծերի փորձաքննության ծառայությունների գնման կարիքը, թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարին այդ ծառայությունները ձեռքբերել մեկ անձից գնման ընթացակարգով, ինչպես նաև սահմանել աշխատանքների իրականացման առանձնահատկությունները:Մասնավորապես, ներկա ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է կառուցել և վերակառուցել ճանապարհի խնդրահարույց հատվածները շրջանցող այլընտրանքային ճանապարհներ: Մասնավորապես նախատեսվում է կառուցել Հ-46(Քաշունի գյուղի խաչմերուկից)- Բարձրավան, Տանձավեր – Շուռնուխ ճանապարհահատվածները, վերակառուցել Որոտան – Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ – Լծեն ճանապարհահատվածները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել