Հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ. Էդուարդ Աղաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ գործողությունները: Ըստ նրա՝ նոյեմբերի-14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք, բանակցությունների արդյունքում զինտեխնիկան ու զորքերի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ․ «Վերը նշված հատվածում Ադրբեջանն ամրապնդել է մայիսի 2-ին տեղի ունեցած ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման արդյունքում ունեցած ներկայությունը»:

Աղաջանյանը նշում է, որ մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածքը՝ շուրջ 11 տեղամասում․ «Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հայտարարություններով, ըստ էության, նորանոր տարածքային ու անվտանգային սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի համար: Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ, այս իրավիճակը ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի համար»։

Նա նշեց, որ մայիսի 12-ից հետո Հայաստանը հանդես էր եկել ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ:

«Նախաձեռնությունը, ցավոք, մինչ օրս կյանքի չի կոչվել: ՀՀ կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ», – ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը:

Նա ԱԺ պատգամավորներին կոչ արեց միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու ՀՀ տարածքների օկուպացիան պարզաբանող ու լուսաբանող հայտարարություններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել