Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում է փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 12-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Նշենք, որ ընդդիմության ներկայացուցիչներից ոչ ոք չէր մասնակցում նիստին։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում ասվում է․ «Հայկական Շուշիի տակ Ադրբեջանական հենակետի վրա նռնակը նետել է Հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ և հատուցման պահանջ:
Նա համոզված է, որ Շուշին հայկական է, թուրքն ու ադրբեջանցին թշնամի են և երբեք բարեկամ չեն դառնա, նա վստահ է, որ մեկ Հայ մարդու կյանքի դիմաց թշնամու երեք կյանք պետք է մատաղ արվի:
Կա Հայ մարդ և կան նիկոլներ. կամ նիկոլ ես, կամ Հայ մարդ . . .»։
Նա մասնավորապես նշեց․ «Պարոն Ղազինյանը նռնակ չի նետել, բայց Սեյրան Օհանյանի հետ միասին բոլորը նետել են շշեր։ Դա առաջին փորձն էր նռնակ նետելու գաղափարի շրջանակներում և կարծում եմ, որ եթե իր գրառմանը ուշադիր հետևի պարոն Ղազինյանը՝ ստացվում է, որ ով որ չի նետել նռնակ, նա Նիկոլ է, և ինքը նույնպես Նիկոլ է, այդպես է ստացվում։ Նիկոլի խնդիրը չէ, այլ տրամաբանության խնդիրն է»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նա արդեն 12-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: