Քանաքեռում տեղի ունեցած Արթուր Ղազարյանի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի աղմկահարույց սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են պատգամավորի երեք որդիները։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«5 կալանավորվածներից 2-ը ազատ են արձակվել»,-նշեց նա։
Հավելենք, որ ազատ արձակվածներից մեկը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի որդին է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։
Հավելենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել, 2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ է եղել։
Իսկ Արթուր Ղազարյանը քրեական հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույն» է։
Նոյեմբերի 12-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում նշված քրեական գործով ձերբակալվել է 5 անձ: