Ազգային ժողովի խորհուրդը «զապիսկեք» չի քննարկում․ Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ ընդդիմության ներկայացուցիչներին

Ազգային ժողովի միջանցքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմության պահանջը չի կարող բավարարել՝ ԱԺ խորհրդի նիստ և արտահերթ նիստ գումարելու հետ կապված։

«Որպեսզի նման բան քննարկվի խորհրդի նիստում, հարկավոր է, որ լինի նախագիծ, հարկավոր է, որ լինի զեկուցող, որը պետք է լինի ընդդիմության շարքերից։ Սա այն թուղթն է, որով դիմել են, ես սա անվանում եմ զապիսկա, Ազգային ժողովի խորհուրդը զապիսկեք չի քննարկում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Այնուհետև սկսվեց վեճ՝ ընդդիմադիր գործիչների և Ալեն Սիմոնյանի միջև։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Պարոն Սիմոնյան, Դուք, որպես Խորհրդի նիստ հրավիրելու պատասխանատվություն ունեցող անձ հիմա պարտավոր եք հրավիրել խորհրդի նիստ՝ այդ բոլոր հարցերը քննարկելու»։ Նա նաև նշեց, որ եթե Ալեն Սիմոնյանը 1/5 պատգամավորիների պահանջը համարում է «զապիսկա», նա այլևս ոչինչ չունի ասելու։

Այս պնդմանն ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց, որ նախագիծը պատշաճ ձևով չի ներկայացվել, ուստի չի կարող նիստ հրավիրել և նշեց, որ հենց ընդդիմադիր գործիչները օրենքին ծանոթանան, այդ հարցը նա կլուծի։

Հիշեցնենք, որ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ։ Օրակարգում՝ ստեղծված իրավիճակը։ Նա նշել էր, որ քիչ անց հրավիրվելու է ԱԺ խորհրդի նիստ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել