Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քաղաքականության մեջ անբարոյականությամբ առաջնորդվող որոշ շրջանակների համար. սառը ջուր խմե՛ք և սթափվե՛ք:
Երբ որոշում էինք կայացնում զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, սկզբից տարածեցին, թե մեզ ֆինանսավորում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, հետո մենք Ռուբեն Վարդանյանի պրոեկտն էինք, հետո մեզ պիտակավորում էին որպես լևոնական, նիկոլական, անգամ մեր գրասենյակում շատ լուրջ մարդ եկել նստել էր դիմացս և հաստատապես պնդում էր, որ մեր ու Ռոբերտ Քոչարյանի միջև գաղտնի կապ կա և՛ այլն, և՛ այլն…
Այսօրվա քաղաքական դաշտի դասավորվածությունն ու քաղաքական տրամադրություններն այնպիսին են, որ եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ և չես ասում «Քոչարյա՛ն մարդասպան», «Կոռուպցիոներ Սերժ Սարգսյան» կամ «Նիկոլ դավաճան», ուրեմն դու ինչ-որ ստվերային պայմանավորվածություններ ունես նրանց հետ:
Ինքս արդեն համոզվել եմ, որ քաղաքական դաշտի հնաբնակներին ձեռնտու չէ նորաստեղծ քաղաքական ուժերի ի հայտ գալը, հնարավոր ազդեցության մեծացումը՝ շատ պարզ պատճառաբանությամբ, որ իրենք շատ լավ գիտակցում են, որ վաղ թե ուշ մի օր իրենց տեղը զիջելու են…
«Արդար Հայաստան» կուսակցության առումով գործող իշխանության ու խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև որոշակի այլ ուժերի դրսևորած վարքագիծը շատ պարզ է. Մեզ չեն կարող մեղադրել թալանի, կոռուպցիայի, մարդասպանության, երկիրը ծախելու, միլիոնավոր դոլլարներ փոշիացնելու, ստախոսության ու պոպուլիզմի մեջ, պատերազմում տանուլ տալու մեջ, դատական համակարգի բարեփոխումները տապալելու մեջ, կոռուպցիայի դեմ պայքարը ձախողելու մեջ, պետական համակարգի անարդյունավետ կառավարման մեջ, սոսկալի գնաճի մեջ…
Բայց գտել են մեր «Մահացու մեղքը». Գնացել ձեռքով բարևել ու հանդիպել ենք Նիկոլ Փաշինյանին, մասնակցում ենք արտախորհրդարանական քաղաքական ուժերի խորհրդակցական ժողովի աշխատանքներին, ուրեմն հաճախորդ ենք, իշխանամերձ ենք, և՛ այլն, և՛ այլն…
Սառը ջուր խմե՛ք և սթափվե՛ք:
Երեկվանից էլ ՔՊ-ական շրջանակներից են հարձակվել են մեզ վրա, թե մենք քա՞նի գլխանի ենք, որ ԱՊԱՐԱՆ համայնքում առաջադրել ենք Ապարան համայնքի գործող ղեկավարին, որ վերջինս մի քանի ամիս առաջ տեղի ունեցած արտահերթ ընտրություններին աջակցել է Քոչարյանին ու Վանեցյանին, հետևաբար՝ «Արդար Հայաստանը» ստվերային կապերի մեջ է Քոչարյանի ու Վանեցյանի հետ…
Դուք էլ սառը ջուր խմե՛ք ու սթափվե՛ք…
Որ ոչ մի այլ համայնքի մասին չխոսեմ, թեկուզ միայն Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ ու Ապարան համայնքներում նույն ՔՊ-ն առաջադրել է կարկառուն ՀՀԿ-ականների, ուրեմն «Ձեր աչքի գերանը չեք տեսնում, ուրիշի աչքի փուշն եք տեսնո՞ւմ»:
Հատուկ մեկ անգամ ևս կրկնում եմ քաղաքականության մեջ անբարոյականությամբ առաջնորդվող որոշ շրջանակների համար. «Արդար Հայաստան» կուսակցությունն ինքնաբավ քաղաքական ուժ է, որևէ ստվերային պայմանավորվածություն չունի և չի ունեցել ո՛չ գործող իշխանության, ո՛չ էլ նախկին իշխանությունների հետ:
Գործող և նախկին իշխանություններն են մեկը մյուսի գոյության ու գործունեության երաշխավորը…
Մեկ անգամ ևս պնդում ենք, որ համայնքների ղեկավարների թեկնածուներին ընտրելիս, «Արդար Հայաստան» կուսակցությունն առաջանորդվել է բացառապես այդ համայնքների առանձնահատկություններով ու շահերով, համայնքի ղեկավարների թեկնածուների վերջին տարիների աշխատանքի ու գործունեության արդյունքներով:
«Արդար Հայաստան» կուսակցության համար ՏԻՄ ընտրություններն առաջին հերթին միջոց են համայնքներում առկա հիմնախնդիրները կարողունակ ավագանու և համայնքի ղեկավարի արդյունավետ գործունեության միջոցով լուծելու համար»,- գրել է նա: