Միջադեպի մասնակից Արցախի քաղաքացին առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին. ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է․

«Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։
Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»։

Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում նռնակի նետման միջադեպի ժամանակ երեք մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է RiaNovosti-ն։

Ադրբեջանական գերատեսչությունը քրեական գործ է հարուցել կատարվածի առնչությամբ:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը դեպքի մասին հայտնել էր․

«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել