Հայաստանի և Շվեյցարիայի միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին հուշագիր է կնքվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
«ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության գործերի հավատարմատար Սթեֆան Կլյոտցլին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին հուշագիր:
Համաձայնագրով նախատեսվում է սահմանել, որ շահաբաժինները հարկվելու են արտոնյալ դրույքաչափով, մասնավորապես նախատեսվում է բարձրացնել շահաբաժինների հարկման արտոնյալ դրույքաչափի կիրառության առումով մասնակցության չափի շեմը՝ 25ից դարձնելով 50 տոկոս եւ նվազեցնել շահաբաժինների հարկման դրույքաչափերը՝ սահմանելով 0 եւ 5 տոկոս համապատասխան ներդրումների ապահովման դեպքում:
Միջոցառման ավարտին նախարար Խաչատրյանն արդյունավետ է գնահատել Շվեյցարիայի Համադաշնության հետ իրականացված համատեղ ծրագիրը, Հայաստանի հետ ունեցած համագործակցությունն ու այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:
Սթեֆան Կլյոտցլին իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ Շվեյցարիան երկարամյա դիվանագիտական հարաբերություններ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը»,- ասված է հայտարարության մեջ: