Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից։

Զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են ընթացիկ տարվա ապրիլին Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և անմիջական ու բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած արդյունավետ քննարկումները։

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը կարևորել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում ֆրանսիացի  խորհրդարանականների՝ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերած անվերապահ աջակցությունը:

Արարատ Միրզոյանը կրկին շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային և, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատին՝ 2020թ․ նոյեմբերի 25-ին ընդունված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի համար, որն ի ցույց է դնում Ֆրանսիայի ժողովրդի հավատարմությունը մարդու իրավունքներին ու համամարդկային արժեքներին, և կարևոր նշանակություն ունի ԼՂ հակամարտության արդարացի լուծման գործում։

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է համապարփակ ու տևական լուծում ստանա խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։ Երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց ազատ արձակման անհրաժեշտությունը՝ համաձայն իր ստանձնած պարտավորությունների:

Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։ Այս առումով կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցն Արցախ, որը մինչ այժմ տեղի չի ունեցել Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով։ Արարատ Միրզոյանը նշել է, որ միջազգային մարդասիրական կազմակերպությունները պետք է անխափան մուտք ունենան Արցախ՝  ընդգծելով մարդասիրական բնույթի հարցերը քաղաքականացնելու փորձերի անթույլատրելիությունը։

Արարատ Միրզոյանն ու Ժերար Լարշեն գոհունակություն են հայտնել միջխորհրդարանական մակարդակով երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ, որը հայ-ֆրանսիական  առանձնաշնորհյալ հարաբերությունների առանցքային սյուներից է, և որում նշանակալի ավանդ ունեն Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը: Նշվել է նաև բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Եվրոպական խորհրդարանում և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հայ-ֆրանսիական համագործակցության բարձր մակարդակի մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել