Բացասական եմ նայում այն երևույթին, երբ Արդարադատության նախարարությունը հանրային նշանակության հարց է քննարկում, բայց հանրության ոչ բոլոր շահագրգիռ կողմերն են հրավիրվում․ Մարատ Ատովմյան

«Պրոգրես» սոցիալական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ, «Ատովմյան» փաստաբանական ընկերության հիմնադիր, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանն Իրավաբան․net-ի հետ զրույցում խոսելով դատական բարեփոխումների ոլորտում հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանի մասին՝ նշեց, որ ոլորտում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դեռ տարիներ առաջ՝ 2018 թվականին էր կազմակերպել մեծ համաժողով, ուսումնասիրություն էր կատարվել։

«Թե այն, թե նոր հայտարարությունները՝ բավականին բովանդակալից էին, այդ թվում միջազգային փորձն էր լավ ուսումնասիրվել ու ներկայացվել, ծավալուն փորձագիտական աշխատանք էր կատարվել»,-ասաց Մարատ Ատովմյանը։

Նա  նաև նշեց, որ օրեր առաջ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ծրագրի՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկման մասին լրատվամիջոցների ռեպորտաժներից եմ իմացել։

«Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ այն ընկալմանը եկա, որ նպատակ էր դրվել չգիտեմ ինչ եղանակով, բայց շուտափույթ ձևով իրականացնել դատավորների վեթինգ»,-նշեց նա։

Մարատ Ատովմյանի խոսքով՝ նման հարցերի քննարկումը պետք է հնարավորինս ներառակ բնույթ կրի։

«Առհասարակ, բացասական եմ նայում այն երևույթին, երբ Արդարադատության նախարարության կողմից հանրային նշանակության հարց է քննարկում, բայց հանրության ոչ բոլոր շահագրգիռ կողմերն են հրավիրվում, այլ սելեկտիվ ընտրություն է կատարվում։ Եթե մենք թափանցիկության, հաշվետվողականության մասին ենք խոսում, ապա այտեղ նույնպես դա պետք է դրսևորվի»,-ասաց փաստաբանը։

—————————

Իրավաբան.net-ն արդեն անդրադարձել է Արդարադատության նախարարությունն ու գործընկեր դարձած քաղհասարակության որոշ կազմակերպությունների դատական բարեփոխումներին նվիրված շղարշային միջոցառմանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել