ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի և ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի մամուլի ասուլիսը:
Բանախոսները ներկայացրել են ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի ամփոփիչ տվյալներն ու բողոքարկման արդյունքները:
Նախարարի տեղակալը նշել է, որ այս տարի ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչները: Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել վերոնշյալ թիրախային խմբերի 1372 ուսուցիչ կամ ուսուցիչների 11 տոկոսը: Հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996 ուսուցիչ, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջնային ստուգման արդյունքում ուսուցիչների 47.2 տոկոսը պետք է ստանար 30-50 տոկոսի չափով հավելավճար: Փորձնական փուլի արդյունքով, սակայն, փոփոխություն է կատարվել կամավոր ատեստավորման կարգում, և սահմանվել ատեստավորման համար անցողիկ համարվող միավորների նոր սանդղակ` իջեցնելով մինչ այդ սահմանված շեմը: Սկզբնական փուլում նախատեսված էր, որ 80-89 տոկոս արդյունք ցույց տված ուսուցիչները կստանան հավելավճար՝ 30 տոկոսի չափով, իսկ 90 և ավելի արդյունք ցույց տված ուսուցիչները՝ 50 տոկոս: Եվ ահա սանդղակն ավելի համաչափ դարձնելու տեսանկյունից կատարված փոփոխության արդյունքում՝ 70-79 տոկոս արդյունք ցույց տված ուսուցիչները կստանան հավելավճար՝ 30 տոկոսի չափով, 80-89 տոկոս արդյունք ցույց տված ուսուցիչները՝ 40 տոկոսի չափով, իսկ 90-100 տոկոս արդյունք ցույց տված ուսուցիչները՝ 50 տոկոսի չափով:
«Հավելավճարը վերաբերում է ուսուցչի հիմնական աշխատանքին: Եթե, օրինակ, նա դասավանդում է տարբեր առարկաներ, որոնցից միայն մեկով է մասնակցել գիտելիքների ստուգման գործընթացին, ապա աշխատավարձի բարձրացումը կվերաբերի նաև մյուս առարկաների ժամաքանակներին: Այսինքն՝ խոսքն ուսուցչի հիմնական աշխատավարձի մասին է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ կամավոր ատեստավորման բողոքարկման փուլում ստացվել է 254 դիմում, որոնց քննարկման արդյունքում՝ հավելավճար ստացող ուսուցիչների թիվն ավելացել է 13-ով: Այն փաստացի կազմել է 481 ուսուցիչ, ինչը մասնակիցների 48.5 տոկոսն է:
«Քանի որ ատեստավորումն անցած են համարվում նաև 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ապա հաշվի առնելով վերջիններիս ցուցանիշները, ինչպես նաև բողոքարկման արդյունքները՝ կփաստենք, որ կամավոր ատեստավորումն անցել է մասնակիցների 65.2 տոկոսը»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Նրա տեղեկացմամբ՝ նախարարությունը և ԳԹԿ-ն քննարկել են փորձնական փուլի հետ կապված բոլոր հարցերը և մանրամասն վերլուծել բոլոր բողոքները:
«Քանի որ սա փորձնական ծրագիր էր, բնականաբար, առաջին անգամ անցկացման հանգամանքով պայմանավորված՝ որոշակի ճշգրտումներ կատարելու և գործընթացն առավել բարելավելու կարիք է առաջացել: Այդ պատճառով մենք բաց ենք առաջարկներ ստանալու և դրանք քննարկելու համար: Ցանկանում եմ շեշտել, որ կամավոր ատեստավորումն ուսուցիչների աշխատավարձի բարձրացման միակ հնարավորությունը չէ. բացի այս գործիքից՝ ունենք նաև տարակարգի շնորհման գործընթաց, որը, հաշվի առնելով ուսուցչի մանկավարժական և մասնագիտական կարողությունները ու կուտակելով անհրաժեշտ կրեդիտներ, ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում ստանալու հավելավճարներ 10-50 տոկոսի չափով: Այսինքն՝ այսօր մենք ունենք ուսուցիչներ, որոնք այս երկու գործընթացի արդյունքում ստանում են հավելավճար, և կա մինչև 100 տոկոս աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն. հաշվի կառնվեն ուսուցչի թե՛ առարկայական գիտելիքները, և թե՛ մասնագիտական փորձառությունն ու մանկավարժական հմտությունները»,- շեշտել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ փոփոխություններ են նախատեսվում նաև տարակարգի շնորհման գործընթացում:
«Կամավոր ատեստավորման անցկացումն ուներ երկու նպատակ, որոնցից առաջինն իրավիճակի ախտորոշումն էր: Այսինքն՝ հասկանալ ուսուցիչների մասնագիտական զարգացման ինչ խնդիրներ ունենք, և պետությունը ինչ աջակցություն պետք է տրամադրի ուսուցչին, քանի որ մեր վերջնական նպատակը դպրոցը բարձրակարգ ուսուցիչներով ապահովելն է, որի արդյունքում կունենանք պատշաճ որակի կրթություն, այն էլ իր հերթին կձևավորի հանրային զարգացմանը նպաստող և մեր երկրին պիտանի քաղաքացի: Ատեստավորման արդյունքում մենք ստացել ենք շուրջ 1000 ուսուցչի մասնակցությամբ գործընթացի մասին տեղեկատվություն. ինչպիսի խնդիրներ կան, որ առարկայից, որ ուղղությամբ և այլն: Եվ այս ծրագրի փորձարկումը մեզ հիմք տվեց՝ հասկանալու և իրագործելու մեր հետագա անելիքները: Դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընթացին մասնակցած բոլոր այն ուսուցիչներին, որոնք, չունենալով բավարար պատկերացում առաջին անգամ անցկացվող գործընթացի մասին, չվարանեցին մասնակցել, և դա շատ խրախուսելի է: Հույս ունեմ, որ հետագա տարիներին կիրականացնենք այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում ավելի մեծ թվով ուսուցիչներ կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և կբարելավեն իրենց աշխատանքային պայմանները»,-ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ մյուս տարի նախատեսվում է 5-12 դասարանների բոլոր առարկաների շուրջ 6000 ուսուցչի մասնակցություն:
ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանն իր հերթին ներկայացրել է բողոքարկման գործընթացը: Նա նշել է, որ բողոքներ և վերահաշվարկի դիմումներ են ստացվել «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն» և «Քիմիա» առարկաներից, ընդ որում՝ ամենից շատ բողոքներ ստացվել են «Քիմիա» առարկայից՝ 65 դիմում-բողոք, որից 1-ը կրկնվել է: Համապատասխան դիտարկումներ է ունեցել նաև ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը, որի դասախոսների, թեստաբանների և հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են այդ դիտարկումները, և կատարվել համապատասխան եզրահանգումներ: Նա մանրամասն ներկայացրել է նաև, թե ինչպիսի բովանդակությամբ բողոքներ են ստացվել, օրինակ՝ բողոք ներկայացրած ուսուցիչները գրել են թեստի մեկ տարբերակ, սակայն բողոքարկման են ներկայացրել մեկ այլ տարբերակ:
Լրագրողների այն հարցին, թե ատեստավորումը չանցած ուսուցիչների դասավանդելու իրավունքը արդյոք կկասեցվի, նախարարի տեղակալը նշել է, որ մինչև 60 տոկոս արդյունք գրանցած ուսուցիչները համարվում են ատեստավորումը չանցած. դրանց թիվը 346 է:
«Բնականաբար, սա փորձնական ծրագիր էր, և նման արդյունքի պարագայում որևէ հետևանք չի կիրառվի, սակայն կարգով նախատեսված է, որ հաջորդ փուլերում նման դեպքերում կարիք է լինելու վերաատեստավորման, որպեսզի ուսուցիչը նորից մասնակցի և փորձի հաղթահարել շեմը: Եթե կրկին չստացվի, այդ դեպքում մենք կունենանք լուրջ մտածելու խնդիրներ: Այս պահին մենք ներկա փուլի վերլուծության և հետագա փուլերի վերանայման գործընթացում ենք, այդ պատճառով հետագայում կքննարկենք նաև այս հետևանքների կիրառման հետ կապված բոլոր հարցերը»,-պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը:
Լրագրողները նաև այլ հարցեր են ուղղել բանախոսներին, որոնք վերաբերել են դպրոցներում երկարօրյա խմբերի գործունեությանը, ուսուցչական նոր կադրերի ընդունմանը և ուսումնական գործընթացի վերսկսմանը»: