Այն փոքրաթիվ բժիշկները, որոնք հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, նրանք օր ու գիշեր զբաղված են այդ վնասարարությամբ:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողներին ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բժիշկների լիցենզավորման ինստիտուտը պետք է լիներ այն գործիքը, որ բժիշկը չի կարող հակագիտական, հակապատվաստումային վարվելակերպ և գործողություններ իրականացնել։
Բժիշկների լիցենզավորման ինստիտուտի հետ կապված մենք լուրջ պլաններ ունենք՝ առաջիկայում պատրաստվում ենք լայնածավալ քննարկումներ անցկացնել, նախապատրաստական աշխատանքներ տանել, որ հետագայում ունենանք այդ ինստիտուտը և չի կարող բժիշկը իր լիցենզիան պահպանել, եթե նման գործունեությամբ է զբաղվում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նաև նշեց, որ որոշ բժիշկների աշխատանքից ազատել են՝ այդ վարքագծի համար։