Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կալանքի ժամկետը երկարացրեց ևս 2 ամսով։
Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Որոշմանը ծանոթ եմ, ակնհայտ ապօրինի որոշում է և, բնականաբար, պատրաստվում ենք այդ որոշումը բողոքարկել»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Աղվան Հովսեփյանը, 2004թ․ մարտի 18-ից մինչև 2013թ․ սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014թ․ հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՔԿ նախագահի պաշտոնները, փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, բացի այդ ստացել է 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: