Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը գրում է.
«ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
Երբ պետությունը փորձում է իր ուժ կիրառելու մենաշնորհից օգտվել բռնությամբ կամ հասարակությանն ահաբեկելով, դա կարող է ունենալ լրիվ հակառակ էֆեկտը:
Հայաստանի իշխանություններն իբրև հասարակությանը հիվանդությունից պաշտպանելու համար են միջոցառումներ իրականացնում, սակայն հենց իրենց կողմից առաջացրած ՊՇՌ հետազոտությունների հերթերը, զարտուղի ճանապարհներով խնդիրը հաղթահարելն է բերում վարակվածության ավելացման:
Բերեմ մի քանի վիճակագրական տվյալներ՝
Հայաստանում 2021թ. հունվար-օգոստոս ամիսներին մահացել է 21.115 մարդ (օրական մահացել է միջինը 87 մարդ (21.115/243օր)): Տես կցված պաշտոնական նյութը:
Հունվար – 3089
Փետրվար – 2418
Մարտ – 2836
Ապրիլ – 3361
Մայիս – 2633
Հունիս – 2290
Հուլիս – 2247
Օգոստոս – 2241
Ինչպես տեսնում ենք, ընդհանուր մահացածների թիվը գնալով նվազել է: Ի դեպ 2021թ. հունվարին քովիդից մահացել է 261 մարդ, իսկ օգոստոսին՝ 238 մարդ: Ստացվում է, որ ընդհանուր մահերը (հունվար-3089, իսկ օգոստոս-2241) կրճատվել են 848-ով կամ մոտ 27,4 տոկոսով, իսկ քովիդից մահերը՝ 23-ով կամ մոտ 9 տոկոսով:
Օգոստոսին եղել է 2021 թվականի՝ մարդկանց մահացության ամենացածր թիվը: Այն օգոստոսին, երբ Առողջապահության նախարարը ընդունել է պատվաստվելու հետ կապված փաթեթը:
Երկու հարց ունեմ հանրային իշխանություններին՝
1) Ինչո՞ւ չեք հրապարակում ընդհանուր մահացածների թիվը, քովիդից մահացածների թվի հետ միաժամանակ.
2) Արդյոք քովիդից վարակվածների թվերի և մահերի թվերի աճը ձեր սխալ վարչարարության արդյունքը չէ (օրինակ՝ արդյոք համաճարակի բռնկումների ժամանակ թույլատրված են մասսայական պատվաստումները, ինչ պատճառով են առաջանում ՊՇՌ հետազոտությունների հերթերը և այլն….)»: