Լրանում է Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը. ուսանողների և աշակերտների համար կհայտարարվի մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․

«Հոկտեմբերի 25-ին նշվել է Միավորված ազգերի կազմակերպության օրը: ՄԱԿ-ի գործունեության 76-ամյակի շրջանակում և Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին (1992 թ. մարտի 2) ընդառաջ՝ տեղի է ունեցել ՄԱԿ-ի գործունեության ամփոփման, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Շոմբի Շարփի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը, պետական այրեր, միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Շոմբի Շարփն ամփոփել է ՄԱԿ-ի գործունեությունը Հայաստանում: Ըստ նրա՝ ՄԱԿ-ի ջանքերը Հայաստանում ուղղված են ժողովրդավարության աճին, հասարակության բոլոր օղակներում կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելուն, հանրային կյանքին քաղաքացու ակտիվ մասնակցությանը. «Մեր նպատակն է համատեղ ուժերով մարդկային կապիտալը դարձնել ավելի լավը կրթության, առողջապահության միջոցով, երիտասարդության ներուժն օգտագործելով, շուկաների գործառույթը բարելավելով տարբեր ոլորտների բոլոր մակարդակներում ապահովել կայուն զարգացում, ստեղծել ներառական կանաչ տնտեսություն, առաջադեմ մարդակենտրոն կառավարման համակարգեր»:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհավորել է ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ, մաղթել արգասաբեր աշխատանք կազմակերպության առաքելության իրագործման գործում և փաստել, որ Հայաստանը պատրաստակամ է՝ շարունակելու խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված ջանքերը:

Միջոցառման ընթացքում, ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին ընդառաջ, կնքվել է եռակողմ հուշագիր Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունների միջև:

Ստորագրող կողմերն էին՝ ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Շոմբի Շարփը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը: Շոմբի Շարփը ներկայացրել է հուշագրի բովանդակությունը, համաձայն որի՝ 30-ամյակի շրջանակում կթողարկվեն դրոշմանիշներ, որոնք կմշակվեն աշակերտների և ուսանողների միջև համազգային մրցույթի արդյունքում: Հաղթողների գործերը կներկայացվեն դրոշմանիշների վրա: Նոր նախաձեռնությամբ՝ արվեստի և երիտասարդների ներուժը կծառայեցվի պետության զարգացման գործին՝ ապագայի տեսլականն արվեստի միջոցով ձևավորելով:

Ամփոփելով հանդիպումը՝ Շոմբի Շարփն ընդգծել է նաև ՄԱԿ-ում Հայաստանի դերակատարման կարևորությունը. «Հայաստանն առաջնորդական դերակատարում է ունեցել ՄԱԿ-ում՝ սկսած Ցեղասպանության հանցագործության պատժի և կանխարգելման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման գործընթացի մասնակցությունից, մեխանիզմների մշակումից»: Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ շուրջ 4 տարվա համատեղ աշխատանքի համար, և դրանք անվանել զարմանահրաշ տարիներ, միասին անցած ճանապարհ, որը լի էր թե՛ ուրախությամբ, թե՛ տխրությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել