Առողջապահության նախարարը խախտել է խտրականության արգելքի և համաչափության սկզբունքները. Արա Զոհրաբյան

«Ազատ Կամք» նախաձեռնությունը Արա Զոհրաբյանի գլխավորությամբ հանրահավաք է իրականացնում Հանրապետության հրապարակում «պարտադիր պատվաստումների» թեմայով։

«Մենք դեմ ենք, որպեսզի պարտադրել քաղաքացուն պատվաստվել։ Առաջին խնդիրն այն է, որ մարդկանց չի կարելի բժշկական փորձի ենթարկել, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ և կարևոր երաշխիք է։ Առողջապահության նախարարն օրենքով ենթակա լուծման դաշտ է մտել։ Մեր Սահմանադրության մեջ կա մի ձևակերպում՝ ֆիզիկական անձեռնմխելիությունը կարող է սահմնափակվել միայն օրենքով և այն էլ միայն Սահմանադրության մեջ նշված նպատակներով, ստացվում է, որ առողջապահության նախարարը սահմանափակել է մեր ֆիզիկական անձեռնմխելիությունը։ Մեր առջև դրել է 2 պայման, ասում է՝ կամ պատվաստվում եք, որը բժշկակա միջամտություն է կամ ՊՇՌ հետազոտություն եք անցնում, որը նույնպես բժշկական միջամտություն է։ Ստացվում է ԱՆ-ն մեզ ստիպում է, այլ տարբերակ չթողնելով»,-ասաց Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարն իրավասու չէ նման հրաման ընդունելու։ Նա պարտավոր էր հանրային քննարկում կազմակերպել։

«Առողջապահության նախարարը խախտել է խտրականության արգելքի և համաչափության սկզբունքները։ Նա տարբերակված մոտեցում է ցուցաբերել պատվաստվածների և չպատվաստվածների նկատմամբ, նշելով՝ պատվաստվածները կարող են ՊՇՌ սերտիֆիկատ չներկայացնել։ Շատ լուրջ հարց է ծագում՝ եթե պատվաստված քաղաքացին կարող է վարակվել և վարակ փոխանցել, նշանակում է, որ հիվանդության կանխարգելման խնդիրը չի լուծվում»,-ասաց Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ Առողջապահության նախարարը սահմանափակել է մարդկանց բժշկական միջամտությունից հրաժարվելու իրավունքը։

«Գործող օրենքներով քաղաքացին կարող է հրաժարվել բժշկական միջամտությունից, ես խոսում եմ առողջ քաղաքացու մասին, որն իրավունք ունի որևէ բժշկական միջամտության չենթարկվել»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել