Մանվել Գրիգորյանը կյանքից հեռացավ ուշացված արդարադատության պատճառով, նույնը մենք ուզում ենք անել այս քրգործո՞վ. Արմեն Չարչյանի պաշտպանը՝ դատավորին

Արմեն Չարչյանի գործով այսօր՝ սեպտեմբերի 25-ին, հրատապ նիստ է նշանակվել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ընթացող դատական նիստին Չարչյանը ներկա չէ։

Դատավոր Վահե Միսակյանը ներկայացրեց Արմեն Չարչյանի նամակը, ըստ որի՝ իր բացակայությունը հարգելի է, քանի որ ինքը գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում և ստացիոնար բուժում է ստանում:

Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր պաշտպանյալի նկատմամաբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրեց։

«Ստեղծված պայմաններում և նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված առկա են բոլոր նախադրյալները՝ Պարոն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, ավելի մեղմ տեսակի խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու համար»,-նշեց նա:

Պաշտպանն ասաց, որ Արմեն Չարչյանը Ազգային ժողովի պատգամավոր է և Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով օժտված է համապատասխան անձեռնմխելիությամբ:

«Կյանքն այնպես դասավորվեց, հարգելի՛ դատարան, որ այս պահի դրությամբ Արմեն Չարչյանն ունի պատգամավորի կարգավիճակ և անձեռնմխելի է, վերջինիս անձեռնմխելիությունը հաղթահարված չէ և նա շարունակում է գտնվել անազատության մեջ: Ես գտնում եմ, որ նման պայմաններում նա չի կարող գտնվել անազատության մեջ, սա նոր և էական հանգամանք է խափանման միջոցը փոփոխելու տեսանկյունից»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Նա նաև հայտնեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շատ վատ է։

«Արմեն Չարչյանի վիճակն իսկապես վատ է, նա վեր չի կենում անկողնուց, սարքավորումների միջոցով է շնչում: Փորձաքննություն նշանակելը տևական ժամանակ է պահանջելու: Ես կանխատեսում եմ, թե դատախազն ինչ օրինակ կարող է բերել՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քննվող քրեական գործը: Առաջին հայացքից տպավորություն կարող է ստեղծվել, որ պետությունն ամեն ինչ արեց, անհամատեղելիությունը հաստատվեց և Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց հիվանդության պատճառով, բայց ոչ ոք չի կարող հերքել այն փաստը,  որ դրանից շատ կարճ ժամանակ անց նա կյանքից հեռացավ, և ես չեմ վախենա այդ արտահայտությունից և ուղիղ կասեմ՝ հեռացավ կյանքից՝ ուշացված արդարադատության պատճառով: Եթե այն ժամանակ պաշտպանության կողմի միջնորդությունները դատարանները հիմք ընդունեին մենք ուշացված արդարադատություն չէինք ունենա և Մանվել Գրիգորյանը գուցե ողջ լիներ»,-ասաց պաշտպանը:

Էրիկ Ալեքսանյանը հարց ուղղեց դատարանին՝ թե արդյո՞ք այս գործով էլ ցանկանում են, որ նույն ավարտը լինի։

«20 միլիոն դրամից սկսած՝ պատրաստ ենք վճարել ցանկացած գին, միայն թե պարոն Չարչյանն ազատության մեջ լինի, քանի որ այս պահին նրա առողջությունից ավելի կարևոր բան չկա»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:  Սակայն Վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար:

Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա. Չ.-ն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել