Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու համար Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում, Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը․ «Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը»։
Նրա խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է հանդիպումներն ու աշխատանքը։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի կեսերին Մոսկվայում․ «Կողմերը տրամադրված են ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ուղիներն ու կապերը։ Ապաշրջափակումը, կառուցապատումը, տրանսպորտային երթուղիների վերականգնումը այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ընդլայնման և աճի նոր հնարավորություններ կստեղծեն»։
ՌԴ փոխվարչապետը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կնպաստի ՀՀ և ՌԴ միջև ապրանքաշրջանառության ծավալի աճին։ ՌԴ փոխվարչապետը մասնակցում է այսօր Երևանում ընթացող ռուս-հայկական բինես երկխոսություն միջոցառմանը, որի շրջանակներում բազմաթիվ առարկայական տնտեսական և գործարար նախագծեր են քննարկվել Հայաստանի և Ռուսաստանի ընկերությունների միջև։