Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի հարցին՝ ասաց, որ այդ թեմայով ոչ մի բանակցություն չի ընթանում:
«Քննարկվում են այն հարցերը, որոնց մասին ես բազմիցս խոսել եմ ձեզ հետ: Դրանք են ենթակառուցվածքային հնարավոր լուծումները և իրավական կարգավորումներն այդ լուծումների, դա վերաբերում է մաքսային, սահմանային և այլ հսկողական գործառույթների իրականացմանը»,-ասաց փոխվարչապետը:
Լրագրողի այն հարցին, թե հայկական կողմը բազմիցս նշել է, որ բանակցությունները կվերսկսվեն այն պարագայում, երբ Ադրբեջանի զորքերը դուրս գան Հայաստանի տարածքից և հայ ռազմագերիները վերադարձվեն, այնինչ՝ բանակցությունները փաստացի վերսկսվել են, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ պետք է խոսել, պետք է բանակցել ամեն դեպքում: Ցանկացած շանս, որը կայունացնում է տարածաշրջանում իրավիճակը և բերում է խաղաղություն, պետք է օգտագործել»:
Խոսելով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մասին` փոխվարչապետը հայտնեց, որ այս պահին տարածաշրջանի երկաթգծերի վերականգնման մասով եռակողմ աշխատանքային խմբի համար տեսանելի են լուծումները, որովհետև խոսքն այն երկաթգծերի վերականգման մասին է, որոնք ժամանակին եղել են և գործել են:
«Ավելի շատ կենտրոնացած ենք իրավական լուծումների վրա: Սահմանային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ նմանատիպ հսկողական գործառույթ կազմակերպելու ուղղությամբ»,-ասաց Մհեր Գրիգորյանը:
Նշենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու համար Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում: