Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի (Summit of Minds) բացմանը և հանդես եկել որպես գլխավոր բանախոս։
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գագաթնաժողովը մեկ հարկի տակ է համախմբել ներկա և նախկին պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի:
Գագաթնաժողովի երկու օրերի քննարկումների գլխավոր թեմաներն են առանցքային մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիաներ, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հնարավոր ազդեցությունը ներդրումային ու գործարար որոշումների վրա:
Թեմատիկ քննարկումերի ընթացքում բանախոսներն ու մասնակիցները ներկայացնում են իրենց փորձառությունը, մտքերն ու գաղափարները ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու խնդիրների, այդ համատեքստում՝ համարձակության ու խիզախության մասին՝ իրենց տարբեր դրսևորումներով:
Հաջորդ ամիս՝ հոկտեմբերի 23-24-ը, Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված է Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը: Նախագահ Սարգսյանը Շամոնիի քննարկումների մասնակիցներին հրավիրել է հայաստանյան այդ բացառիկ միջոցառմանը, որն այսօր հայկական ինքնատիպ բրենդ է դարձել: Գագաթնաժողովը յուրահատուկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման համար: