Սասուն Խաչատրյանը կնշանակվի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Սասուն Խաչատրյանը կնշանակվի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով: Հարցը ընդգրկված է Կառավարության սեպտեմբերի 16-ի օրակարգում։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Խաչատրյանը կազատվի  հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից:

Հիշեցնենք, որ մարտին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայության լուծարում և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում:

Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 80 «կողմ», 38 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:

Որոշվել է նաև լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: Մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում պաշտոնի նշանակվելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով կնշանակվի 20 անձ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել