Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում քննարկվում է դատարանի դատավորի ընտրության հարցը։ Խորհրդարանն այս երեք թեկնածուներից ընտրելու է մեկին:
Պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց Լիանա Հակոբյանին. «2019 թվականի մայիսի 20-ին գործադիրի ղեկավարը ազդարարեց հայկական հեղափոխության 2-րդ ամենակարևոր փուլի մեկնարկը` կոչ անելով շրջափակել դատարանների մուտքերը և ելքերը: Այդ ժամանակ լինելով դատական իշխանության ներկայացուցիչ ինչպիսի՞նն էր ձեր արձագանքը՝ դրական, բացասական, անտարբեր էիք»:
«Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածն ամրագրում է դատավորի գործունեության հետևյալ սկզբունքը՝ գործունեության հիմքում ընկած ապաքաղաքականացվածության սկզբունքը: Այս սկզբունքի լույսի ներքո՝ գնահատելով Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության ներկայիս ընթացակարգը, իմ կարծիքով՝ խոցելի է, դա պայմանավորված է նրանով, որ ապաքաղաքականացված մարմնում ընտրվող թեկնածուն հանդես է գալիս քաղաքական մարմնի առջև: Այստեղ գալուց առաջ, ես որոշում եմ կայացրել՝ ձեռնպահ մնալ բոլոր այն հարցերին պատասխանելուց, որոնք իրենց բնույթով քաղաքական են»,-ասաց դատավորը: